«Կառավարության այսօրվա նիստում կայացրել ենք եզակի մի որոշում». Փաշինյանը ներկայացրեց՝ ինչ է տեղի ունեցել Խաչիկ գյուղում
Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում երկար ժամանակ մի խնդիր գյություն ունի, խառը մի պատմություն, երբ երկու բնակիչներ վարկ են վերցրել ու գործնականում գյուղի ամբողջ բնակչությանը դարձրել վարկի երաշխավորներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, թե քրեական գործ է հարուցվել. «Վարկերը չեն փակել ու ամբողջ գյուղը հայտնվել է «սև ցուցակ»-ում, չեն կարողանում ո՛չ վարկ վերցնել, ո՛չ մի բան»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետը հայտարարեց՝ Խաչիկ գյուղն ունի ռազմավարական նշանակություն, բայց այս պատմության պատճառով փաստացի զրկված է սահմանամերձ բնակավայրերում բնակելի տներ կառուցելու ծրագրից։
«Կառավարության այսօրվա նիստում կայացրել ենք եզակի մի որոշում. որոշել ենք պետական բյուջեից 65,7 միլիոն դրամ հատկացնել ու Խաչիկ գյուղի այն բնակիչները, որոնք երաշխավոր են դարձել, եւ վստահության կամ չիմացությանզ զոհ են դարձել, մենք որոշեցինք նրանց պատասխանատվությունը կիսել: Նրանց վարկային պատմությունը կզրոյացվի, բացի այդ երկու քաղաքացիներից: Այսինքն այդ բնակիչները հնարավորություն կունենան վարկեր ստանալ»,- նշեց Փաշինյանը։
Նա գյուղացիներին կոչ արեց նման պատմությունների մեջ չընկնել. միշտ չեն կարող նման որոշումների գնալ։
Կենտրոնական բանկի փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանն էլ ասաց, թե 77 հոգու մասին է խոսքը:
«Վարկային երկու կազմակերպություններ կներեն տոկոսների, դատական ծախսերի ու տուգանքների մնացած մասերը, ընդհանուր 50 միլիոն դրամ է կազմում»,- ասաց նա։
ԿԲ փոխնախագահն ասաց, թե հատուկ նշում կարվի, որ այդ մարդիկ եղել են զեղծարարության զոհ։