Բայդենը Նավալնիի այրու և դստեր հետ հանդիպման ժամանակ հայտնել է Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 22-ին հանդիպել է բանտում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրու և դստեր հետ և նշել, որ Վաշինգտոնը Ռուսաստանի և այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ պատժամիջոցներ է նախատեսում։
Այս մասին հաղորդում է Reuters-ը։
«Նա անհավանական խիզախ մարդ էր, և զարմանալի է, թե ինչպես են նրա կինն ու դուստրը ընդօրինակում դա»,- ասել է Բայդենը լրագրողներին Նավալնիի կնոջ՝ Յուլյայի և դստեր՝ Դաշայի հետ հանդիպումից հետո։
Բայդենը նշել է, որ փետրվարի 23-ին Վաշինգտոնը «պատրաստվում է պատժամիջոցներ հայտարարել Պուտինի նկատմամբ, որը պատասխանատու է նրա մահվան համար»։
Իր հերթին Սպիտակ տունը հայտարարություն է տարածել հանդիպումից հետո՝ գրելով․ «Ջո Բայդենը հաստատել է, որ իր վարչակազմը վաղը կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր խոշոր պատժամիջոցների մասին՝ ի պատասխան Ալեքսեյի մահվան, Ռուսաստանի բռնաճնշումների ու ագրեսիայի, ինչպես նաև Ուկրաինայում նրա դաժան ու անօրինական պատերազմի»։
Comments