Այստեղ չէի եկել ոսկե մեդալի հետևից, այլ եկել էի իմ արդյունքների, իմ վեց մոտեցումների հետևից․ Սամվել Գասպարյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի բազմակի չեմպիոն Սամվել Գասպարյանը Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքը կարևոր քայլ է համարում Օլիմպիական խաղերից առաջ:
«Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվել էինք շատ քիչ` մոտ երկու ամիս: Երկու ուսումնամարզական հավաք ենք անցկացրել: Սակայն մինչև հավաքները լուրջ հիվանդացել էի և դրա համար էլ Կատարի Գրան Պրիին չմասնակցեցի: Փառք Աստծո, որ կարողացա շուտ վերականգնվել՝ և դա մարզիչներիս աշխատանքի շնորհիվ: Ես կարողացա անձնական կիլոգրամներս բարելավել»,- Սոֆիայում «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գասպարյանը:
Հայ ծանրորդի խոսքով` նա պոկում վարժությունում անձնական ռեկորդ սահմանեց, որը չէր արել միջազգային մրցումներում:
«Իսկ հրումում ինձ պետք էր կիլոգրամներ հավաքել, որպեսզի օլիմպիական վարկանիշային միավորներս բարձրանան: Այստեղ չէի եկել ոսկե մեդալի հետևից, այլ եկել էի իմ արդյունքների, իմ վեց մոտեցումների հետևից: Ափսոս, որ մեկը չստացվեց»,- ասաց նա:
Գասպարյանը հավելեց, որ Օլիմպիական խաղեր տանող իր ճանապարհը սկսվել է դեռևս երկու տարի առաջ կայացած աշխարհի առաջնությունից:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Եվրոպայի վարկանիշային առաջնությունում: Մրցումային 8-րդ օրը պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները: Ազգային թիմի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը երեք հաջող մոտեցում ունեցավ` 173 կգ, 177 կգ, 180 կգ: Այս վարժությունում Գասպարյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Հրում վարժությունում նա երկու մոտեցմամբ բարձրացրեց 211 և 216 կգ: Այս ձևում նաև երկրորդն է: Երկամարտի 396 կգ արդյուքով նա դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր:




















