Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի տասնհինգ տարիների գործունեության արդյունքների ամփոփում
2024 թվականի հունվարի 24-ին լրանում է Հաշտարարի գրասենյակի գործունեության տասնհինգ տարին։ 15 տարիների ընթացքում Հաշտարարի ինստիտուտը կայացել է և գրանցել բազմաթիվ ձեռքբերումներ։
Ստորև ներկայացվում է Գրասենյակի ձեռքբերումները, 2023 թվականի և ամփոփ տասնհինգ տարիների ընթացքում Գրասենյակ ներկայացված բողոքների և քննված պահանջների վիճակագրությունը, ինչպես նաև Գրասենյակի կողմից «Սպառողների ֆինանսական իրազեկման» ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն։
Գրասենյակի ձեռքբերումները
Գրասենյակը անդամակցում է Ֆինանսական օմբուդսմենների միջազգային ցանցին (INFO), ՏՀԶԿ-ի (OECD) շրջանակներում ստեղծված ֆինանսական կրթման միջազգային ցանցին (INFE), ԵԱՏՄ երկրների Ֆինանսական Օմբուդսմենների խորհրդատվական կոմիտեին։
Միջազգային կառույցները բարձր են գնահատում Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարի մոդելը, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի կողմից հրապարակված զեկույցում ասվում է. «Հայաստանի Ֆինանսական հաշտարարի ինստիտուտի արժեքավոր փորձը պետք է կիսել Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և ամբողջ աշխարհի այլ երկրների հետ։ Հաշտարարի և Հայաստանի կենտրոնական բանկի՝ սպառողների պաշտպանությանն ուղղված բազմաթիվ գործողությունները պետք է օրինակ ծառայեն այն երկրների համար, որոնք առնչվում են սպառողների պաշտպանությանն ուղղված խնդիրներին, և պետք է ջանքեր գործադրվեն ավելացնելու հայկական փորձի փոխանակումն ու տարածումը համաշխարհային մակարդակով»: ԱՊՀ երկրների սպառողների պաշտպանության ոլորտում միջգերատեսչական մարմնի կողմից նշվում է. «Անհրաժեշտ է շեշտադրել Հայաստանի
ֆինանսական օմբուդսմենի փորձի կարևորությունը ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության ոլորտում և ներդնել այս փորձը ԱՊՀ մյուս երկրներում»։ Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարի մոդելը վկայակոչվել է նաև Ասիական Զարգացման Բանկի կողմից կազմված՝ Մոնղոլիայում Ֆինանսական Օմբուդսմենի ինստիտուտի ներդրման մասին զեկույցում։
ՖՀՀ գրասենյակում ներդրված փորձի ուսումնասիրության և կիրառելիության նպատակով Գրասենյակ այցեր և առցանց հանդիպումներ են կազմակերպվել մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղրղզստանի, Բուլղարիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ուզբեկստանի, Մոզամբիկի, Մոնղոլիայի և այլ երկրների ներկայացուցիչների հետ։ Գրասենյակի մասնագետները միջազգային կառույցների (USAID, World Bank) մի շարք ծրագրերում ներգրավված են եղել որպես փորձագետներ՝ Հայաստանի Հաշտարարի ինստիտուտի մոդելը ներդնելու նպատակով։
Գրասենյակ ներկայացված բողոքների և քննված պահանջների մասին վիճակագրություն
2023 թվականին Գրասենյակ է ներկայացվել 16,922 բողոք, որոնցից 14,986-ը վերաբերել է ֆինանսական համակարգին: Գրասենյակի աշխատակիցների օգնությամբ ֆինանսական կազմակերպություններին ուղղված բողոքներից 274-ը բավարարվել են մինչև Գրասենյակում քննության ընդունվելը։ Գրասենյակի կողմից 2023 թվականին քննության է ընդունվել 6,194 պահանջ, որոնց քննության արդյունքում գործերի 67%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների (քննության ընդունված 6,194 պահանջներից 332-ը 23.01.2024 թվականի դրությամբ դեռևս գտնվում է քննության փուլում): Ընդ որում, դրական ելքով գործերի 94.41%-ը լուծվել է կողմերի միջև հաշտությամբ: Պահանջի քննության միջին տևողությունը կազմել է 32 օր։ 24.01.2009-23.01.2024 թվականների ընթացքում Գրասենյակ է ներկայացվել 102,934 բողոք, որոնցից 93,755-ը վերաբերել է ֆինանսական համակարգին։ Քննության է ընդունվել 41,292 պահանջ։ Քննության արդյունքում գործերի 64.8%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների։