top of page

Ռադիո Sputnik-ի ղեկավարը ափսոսում է արմատական արտահայտությունների համար. նամակ՝ ՀՌՀ նախագահին


Sputnik ռադիոյի գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկին նամակ է գրել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին, որը վերաբերում է Երևանում Sputnik ռադիոյի 106.0 հաճախականությամբ հեռարձակման դադարեցմանը:

 

2023 թ. տարեվերջին ՀՀ կարգավորիչը 30 օրով հետ էր կանչել Sputnik Արմենիա ռադիոյի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության լիցենզիան։ Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը նրան տուգանել է 1200 ԱՄՆ դոլարով։ Առաջին որոշումը կապված է «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման հետ, որում հեղինակը «թույլ է տվել հեգնական և երկրի ու ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ՝ չունենալով դրա «բարոյական իրավունքը»` որպես օտարերկրյա քաղաքացի»:

 

Իսկ տուգանքը վերաբերում է նախկին պատգամավոր Արման Աբովյանի հեղինակային ծրագրին՝ «Աբովյան Թայմ»–ին։ Այստեղ հանձնաժողովը տեսել է պնդումներ, որոնք «խուճապ են տարածում, հիմնված չեն ստուգված և հավաստի աղբյուրների վրա»։

 

Վիշինսկին իր ուղերձում ափսոսանք է հայտնել, որ 2023 թվականի աշնանը կայանի եթերում «հնչել են արմատական կտրուկ արտահայտություններ, որոնք ակնհայտորեն հակասում են Sputnik ռադիոյի խմբագրական քաղաքականությանը»։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի լրագրողներն ու հասարակական գործիչները պատասխանատվություն են կրում երկու երկրների միջև բարեկամության և դաշնակցային հարաբերությունների մթնոլորտի պահպանման համար։

 

«Sputnik Ռադիոն որպես իր առաքելություն է տեսնում արտասահմանյան լսարանին ներկայացնել Ռուսաստանի՝ որպես ուժեղ և բարեկամ պետության արդար կերպարը՝ բարի մտադրություններով։ Հենց այս իմաստով էլ մենք ծրագրում ենք մեր հետագա հեռարձակումը՝ հասկանալով, որ մեր երկրներում լրագրողներն ու հասարակական գործիչները պատասխանատու են բարեկամության մթնոլորտի և Ռուսաստանի ու Հայաստանի դաշնակցային հարաբերությունների բովանդակության համար»,– ասված է նամակում։

 

Մինչդեռ, Վիշինսկին նաև նշել է, որ «Հայաստանի մեդիա տարածքում Ռուսաստանի և նրա ղեկավարության նկատմամբ, մեղմ ասած, ոչ կոռեկտության օրինակները նույնպես այնքան էլ քիչ չեն»: «Sputnik» ռադիոյի գլխավոր խմբագրի խոսքով՝ «Ռուսաստանի քաղաքացի հարյուր հազարավոր հայերի մոտ, որոնց համար Հայաստանը փոքր հայրենիք է, իսկ նրա մեդիա տարածքը՝ ամենօրյա հետաքրքրության առարկա, նման երևույթները չեն կարող դժգոհություն չառաջացնել»։

 

«Sputnik» ռադիոյի գլխավոր խմբագիրը վստահություն է հայտնել, որ իր այս նամակով «նյարդայնացնող այն տհաճությունը», որն առաջացել էր եթերում հնչած արմատական արտահայտությունների պատճառով, կսպառվի:

 

«Հուսով եմ, որ «Տոսպա» ռադիոյի հետ մեր աշխատանքի շարունակությունը ռուս–հայկական արդյունավետ համագործակցության օրինակ կլինի», – եզրափակել է նա:

Comments


bottom of page