top of page

Արամուսի հացատան միջադեպի գործով բացի Տիրան Խաչատրյանից, եւս մեկի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 15, 2024
  • 2 min read
ree

2024թ․ հունվարի 11-ի ուշ երեկոյան Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության և մեկ անձի վնասվածք հասցնելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված 5 անձանցից մեկը ազատվել է արգելանքից, իսկ 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔԿ նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նա նաեւ նշել է. «Վերջիններիցս մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Մյուս երեք անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Միջնորդություն է ներկայացվել դատարան նրանցից մեկի նկատմամբ ևս կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Մյուս երկու մեղադրյալների նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը և նրանք ազատ են արձակվել։

Նախաքննությունը, բնականաբար, շարունակվում է»:

Հիշեցնենք, որ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով`) 3-րդ մասով։

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է Արամուս գյուղի տարածքում գործող ռեստորանում տեղի ունեցած միջադեպի գործով։

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին. «2024թ. հունվարի 11-ին՝ ուշ երեկոյան, քաղաքացուց Ոստիկանություն ահազանգ է ստացվել՝ Արամուս գյուղում մի քանի անձանց մասնակցությամբ միջադեպի մասին, իսկ ժամը 23:39-ին հաղորդում է ստացվել «Աբովյան» ԲԿ-ից այն մասին, որ Արամուս գյուղից, աջ դաստակի շրջանում հրազենային վնասվածքով, բուժօգնության է տեղափոխվել ներկայում Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ:

Նախնական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2024թ. հունվարի 11-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» հացատան բակում վիճաբանություն է ծագել դեռևս ինքնությունները չպարզված շուրջ տասնյակ անձանց միջև։ Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` զուգորդված փոխադարձ հայհոյանքներով, իսկ վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը, շարունակելով խուլիգանական գործողությունները, իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել և մարմնական վնասվածք պատճառել նշված բնակչին։

Հաշվի առնելով, որ Ոստիկանությունից ստացված հաղորդման մեջ առկա են  մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու,  զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն և  ակոսափող հրազենի փամփուշտ ձեռք բերելու, իրացնելու, պահելու  կամ կրելու հանցավոր գործողությունների հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով,  297-րդ հոդվածի 3-րդ մասով,  335-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որը հետագայում փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչություն։

Նախաքննության շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են  արնանման հետքեր, կրակոցի հետք, կրակված պարկուճ և այլ իրեր: Հարցաքննվել են անձինք։

Ձեռքի շրջանում վնասվածք ստացած անձը ճանաչվել է տուժող և հարցաքննվել»:

1/2546
bottom of page