top of page

Երևանում բնակարանների առուվաճառքը 30%-ով նվազել է 2023-ին. Հետք

«Հետք»-ը գրում է .

2023 թվականին Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի 50 059 գործարք է կատարվել։ Ինչպես ցույց են տալիս Կադաստրի կոմիտեի տվյալները, նախորդ տարվա համեմատ այն 5.4%-ով նվազել է։ 

Անշարժ գույքի շուկայում  առուվաճառքի «բումը» եղել է 2021 թվականին։ 

Շուկայի գործակալները 2021-ի աշխուժությունը նախևառաջ պայմանավորեցին ինչպես եկամտային հարկի վերադարձի ծրագրի սահմանափակումներով, որի հետևանքով քաղաքացիները շտապեցին օգտվել ծրագրից, այնպես էլ՝ 2020-ին հետաձգված գործարքներով ու այլ գործոններով: 

Արդեն հաջորդող երկու տարիներին պահանջարկի այս տեմպը, փաստորեն, չի պահպանվել։ 

«Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը նկատում է, որ անշարժ գույքի առուվաճառքի շուկայում գործարքների նվազման պատճառներից են բնակչության եկամուտների ցածր աճը և ռուսաստանցիների մի մասի արտահոսքը։

«Վերջին տարիներին անշարժ գույքը Հայաստանում մեծ տեմպով է թանկացել, իսկ մարդկանց եկամուտները՝ փոքր։ Գներն հասել են այն մակարդակին, որ եկամուտները շատերին թույլ չեն տալիս անշարժ գույք ձեռք բերել։ Ռուսաստանցիների մի մասն էլ հեռացել են Հայաստանից։ Վարձակալության նկատմամբ նրանց ստեղծած պահանջարկը նվազել է։ Մարդիկ տեսնում են, որ թանկ գնով վարձակալություն հանձնելու հնարավորությունը նվազում է, նոր բնակարաններ չեն գնում վարձակալության հանձնելու նպատակով»,- ասում է Վահե Դանիելյանը։ 

Առուվաճառքի գործարքների տեսանելի անկում է գրանցվել մայրաքաղաք Երևանում։ 

Երևանում նախորդ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ անշարժ գույքի առուվաճառքի 13 512 գործարք է իրականացվել, որը 2022-ի համեմատ 23.8%-ով նվազել է։

Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ մասնավորապես բնակարանների առուվաճառքի թիվը Երևանում 29.6%-ով նվազել է։ 

Եկատմային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում աստիճանաբար դադարեցվում է։ Այն սկզբում դադարել է Կենտրոնում ու Արաբկիրում և մինչև այս տարվա վերջ կդադարի ամբողջ Երևանի համար։ 

Ըստ Վահե Դանիելյանի՝ քանի որ այն Կենտրոնում և հարակից վարչական շրջաններում արդեն իսկ չի գործել, դա ազդել է բնակարանների առուվաճառքի գործարքների նվազման վրա։  

Հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը 2027 թվականից չի գործի Երևանին հարակից մարզերում, 2029-ից՝ մյուս մարզերում, բացառությամբ՝ սահմանամերձ բնակավայրերի։ Քանի որ այս ծրագիրը բնակարանաշինության և բնակարանների վաճառքի հիմնական շարժիչ ուժերից մեկն է եղել, չի բացառվում, որ այս տարի ևս գործարքների թիվը կշարունակի նվազել։ 

Հատկանշական է, որ բացի Քանաքեռ-Զեյթունից, Երևանի մնացած բոլոր վարչական շրջաններում բնակարանների առուվաճաքը նվազել է։ Հատկապես տեսանելի անկում կա Արաբկիրում, Կենտրոնում, Դավթաշենում ու Նոր-Նորքում։ 

Comments


bottom of page