top of page

«Դավադիրները» Դավիթ Առաքելյանին էլ կհեռացնե՞ն պաշտոնից, ինչպես հեռացրին Նարիբեկյանին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ աշխատակիցներին պարգևատրելու հերթական որոշումն է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքի՝ ԱԺ նախագահի կարգադրություններ բաժնից։ 

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների»,- ասված է ԱԺ նախագահի կարգադրության մեջ։

Սա այն պարգևավճարն է, որ տարին երկու անգամ ստանում են պետծառայողները՝ հունվարին և հունիսին։ Եւ սա հենց այն պարգևավճարն է, որը պատգամավորների օգնականներին չտրամադրելու համար անցյալ տարի ազատեցին ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին։

Հիշեցնենք, որ անցալ տարի այս օրերին մամուլում գրվեց, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավորների մի շարք օգնականներ ստորագրահավաք էին իրականացրել ընդդեմ աշխատակազմի ղեկավարի և դիմում-բողոք-պահանջագիր էին ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, թե ինչո՞ւ աշխատակազմի ղեկավարը իրենց  պարգևավճար չի հատկացրել, և Նարիբեկյանի հարցը հասցրել էին անգամ դիվան բաշուն՝ պահանջելով նրա հեռացումը։ Նարիբեկյանն էլ բացատրել էր, որ օրենքով պարգևավճար հասնում է միայն պետծառայողներին, իսկ օգնականները պետծառայող չեն համարվում, հետևաբար ինքն առաջնորդվել է օրենքով՝ պարգևավճար տվել է նրանց, ում հասնում է։ Իսկ օգնականներին չէր հասնում։ Օգնականներն էլ որոշել էին վրեժ լուծել Վահան Նարիբեկյանից՝ նրա ոտքի տակը փորելով ու նրան պաշտոնանկ անելով, ինչը մի քանի օր անց  հաջողվեց նրանց՝ Նարիբեկյանը փետրվարի 3-ին ազատվեց պաշտոնից։ 

Հիշեցնենք նաև, որ Վահան Նարիբեկյանի դեմ նախաձեռնած դավադիր արշավում հատկապես ակտիվ էին որոշ կարմրահեր օգնականներ, այդ թվում հատկապես՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականն ու խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի օգնականը։ Հենց այս օգնականների դրդմամբ իրենց երիտասարդ շեֆերը Նարիբեկյանի պաշտոնանկության հարցը բարձրացրին ՔՊ խմբակցության փակ նիստում։ 

Ի դեպ, որ Վահան Նարիբեկյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն էր (կամ գուցե հիմա էլ է ընկերը՝ այսքանից հետո), և հենց Սիմոնյանն էր նրան «ծանոթի կարգով» նշանակել ԱԺ աշխատակազմի ղեկավար։ Բայց դավադիր խմբակի պահանջներին տուրք տալով՝ Ալեն Սիմոնյանը չկարողացավ կամ չցանկացավ պահել իր ընկերոջ թասիբն ու պնդել աշխատակազմի ղեկավարի՝ օրենքից բխող որոշումը, և ստիպված եղավ հեռացնել նրան աշխատանքից։

Հետո իշխանական մամուլում լուրեր տարածվեցին, թե Նարիբեկյանին ազատել են Նիկոլ Փաշինյանի զայրույթի հիման վրա, քանի որ վերջինիս տեղեկացրել են, թե Նարիբեկյանն, իբրև թե, Ազգային Ժողովին կցված մեքենաների պետական համարանիշները տրամադրել է իր ազգականներին ու մտերիմներին՝ դրանով իսկ չարաշահելով իր իսկ աշխատանքային լիազորությունները։ Մինչդեռ, բոլորին է հայտնի, որ ԱԺ պետհամարանիշները որևէ մեկը, անգամ ԱԺ նախագահը չի կարող տրամադրել ԱԺ-ից դուրս գտնվող ցանկացած մեկի, ում դա օրենքով նախատեսված չէ։ Իսկ Նարիբեկյանին պատկանող մեքենաների վրա փակցված են Ազգային ժողովի՝ հին կամ ազատականացված սերիայով պետհամարանիշներ, որոնք ազատ շրջանառության մեջ են, և թե՛ Նարիբեկյանը, թե՛ ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է դրանք իր ՍՊԸ-ի անունով ազատ ձեռք բերել։ Ու քանի որ Նիկոլ Փաշինյանը այս ամենից առանձնապես գլուխ չի հանում, և ինքն էլ սիրում է ինտրիգներ ու խարդավանքներ, ուստի ՔՊ-ական դավադիրները կարողացել են նրան համոզել, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը չարաշահում է իր դիրքերը, քանզի այլ՝ ավելի հիմնավոր պատճառ չէին գտել նրանից ազատվելու համար։

Նարիբեկյանից հետո Ալեն Սիմոնյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակեց իր մյուս ընկերոջը՝ Դավիթ Առաքելյանին, որը մինչ այդ ԱԺ նախագահի օգնականն էր։

Ու այս տարի էլ ԱԺ նախագահը կարգադրել է, որ Դավիթ Առաքելյանը՝ որպես աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար,  «օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովի պետծառայողներին նշված պարգևավճարների համապատասխան վճարումների կատարումը»։

Մենք տեղեկացանք, որ թեև դեռ պարգևավճարները չեն փոխանցվել, բայց այս տարի ևս պատգամավորների օգնականները այդ պարգևավճարներից անմասն են մնալու՝ չեն ստանալու։

Այսինքն՝ Դավիթ Առաքելյանը ևս (ինչպես նախորդ տարի Նարիբեկյանը), չխախտելով օրենքը, պարգևավճար տալու է միայն նրանց, որոնց օրենքով հասնում է՝ միայն պետծառայողներին։ Ու, մեր տեղեկություններով, Հայկ Կոնջորյանի օգնական Նատալյա Սինորյանը, որն անցյալ տարի գլխավորում էր Վահան Նարիբեկյանի դեմ արշավը, հիմա էլ ընկել է Դավիթ Առաքելյանի հետևից։

Մասնավորապես, մեզ ասացին՝ նա արդեն տարբեր խողովակներով փորձում է պարզել, թե արդյոք օգնականներին տրվելո՞ւ են պարգևավճարներ կամ, առհասարակ ո՞վ է ստացել կամ ստանալու պարգևավճար, որ, հավանաբար, եթե էլի իրենք չստանան, նորից անցնի իր դավադիր քայլերի իրականացմանը։ 

Ի դեպ, հիշեցնենք, որ Երևանի ավագանու վերջին ընտրություններին Կոնջորյանի օգնական Նատալյան, որն ընդգրկված էր ՔՊ ավագանու ցուցակում, այժմ նաև ավագանու անդամ է, բայց շարունակում է մնալ որպես պատգամավորի օգնական։ Մենք տեղեկացանք, որ այս հարցով քաղաքապետարանից արդեն իսկ դիմել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որ եզրակացություն ստանան՝ համատեղելի՞ են, արդյոք, պատգամավորի օգնականի և ավագանու անդամի լիազորությունները, թե՞ ոչ։ Եթե պարզվի՝ ոչ, Նատալյա Սինորյանը կա՛մ պետք է ավագանու մանդատից հրաժարվի, կա՛մ՝ պատգամավորի օգնականի իր հաստիքից։ Ի դեպ, նույն կարգավիճակում նաև ընդդիմադիր պատգամավորի օգնական կա, որ միաժամանակ նաև Երևանի ավագանու անդամ է, այսինքն՝ այս խնդիրը նրան էլ է վերաբերում։ Mediahub-ն այս հարցին դեռ առանձին կանդրադառնա։ 

Վերադառնալով պարգևավճարների թեմային՝ մենք այսօր զանգահարեցինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին՝ հետաքրքրվելով, թե պատրաստվո՞ւմ է ինքը օգնականներին պարգևավճար տալ, և մտավախություն չունի՞, որ չտալու դեպքում իր ոտքի տակն էլ կփորեն ու իրեն էլ կհեռացնեն պաշտոնից։

Դավիթ Առաքլեյանն էլ, որ լրագրողների հետ շփման և մեր հարցերին պատասխանելու կամ փորձ չունի, կամ «ապահովության» համար՝ ցանկություն, այս անգամ ևս ասաց, որ գրավոր ուղարկենք հարցերը կամ դիմենք լրատվական վարչության ղեկավար Լաուրա Անտոնյանին, թող ինքը պատասխանի։ Ասացինք, որ այս հարցը անձամբ իրեն է վերաբերում, և դժվար ուրիշ մեկը կարողանա իր փոխարեն պատասխանել, բայց Առաքելյանը դարձյալ նույնը կրկնեց։

Ստիպված Առաքելյանին վերաբերող հարցով դիմեցինք Լաուրա Անտոնյանին։ Վերջինս մեզ փոխանցեց հետևյալը․ «Ես օգնականների փոխարեն ոչ մի բան չեմ կարող պատասխանել, միայն կարող եմ ասել, որ այս պարգևատրումը ստանում են պետական ծառայողները «Պետական ծառայողների մասին» օրենքով՝ տարին երկու անգամ»։

Մեզ մնում է սպասել, թե հանուն հավասարության՝ հիմա էլ Դավիթ Առաքելյանի ոտքի տակը կփորե՞ն ու նրան էլ պաշտոնից հեռացնելու պահանջ կներկայացնե՞ն «դավադիր» օգնականները՝ հանուն իրենց ապօրինի պարգևավճարի, ինչպես արեցին Նարիբեկյանի պարագայում, թե՞ նրանց արդեն հանգամանալից բացատրել են, որ օրենքով իրենց պարգևավճար չի հասնում։ 

Վահե Մակարյան

Comments


bottom of page