Ձևավորել պետականամետ սփյուռք. Գլխավոր հանձնակատարը մանրամասնում է նոր ռազմավարությունը
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշակել և շրջանառության մեջ է դրել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման 2023-2033թթ. ռազմավարությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ ռազմավարության հիմքում պետականամետ Սփյուռք ձևավորելու տեսլականն է։ Նպատակ է դրված ունենալ պետականակենտրոն ռազմավարություն։
«Ակնկալում ենք Սփյուռքի հետ աշխատել հարգանքի սկզբունքների հիման վրա, որի հիմքում պետականաշինության, պետականակենտրոնության գաղափարախոսությունն ավելի խորացնելու հարցերն են։ Դա այսօր շատ թույլ է Սփյուռքում։ Հասկանալի պատճառներով Սփյուռքը ձևավորվել է պետականության բացակայության պայմաններում։ Եթե Հայաստանում բնակվող մեր հայրենակիցները կամա թե ակամա պետականաշեն են, ապա Սփյուռքում դրա դրդող պատճառները բացակա են եղել, նորմալ աշխատանք սփյուռքահայերի հետ չի տարվել։ Այն աշխատանքը, որ ցանկանում ենք Սփյուռքի ուղղությամբ կատարել, դրա կենտրոնում բացառապես պետք է լինի պետությունը։ Ոչ թե այն պատճառով, որ մենք էգոիստ ենք, կենտրոնացած ենք մեզ վրա, այլ որովհետև պետությունը տեսնում ենք ոչ միայն Հայաստանի հայության, այլև հայ ժողովրդի, Սփյուռքի հարատևության գրավական։
Չի լինի ուժեղ պետություն, ուրեմն ոչինչ չի լինի։ Եթե Սփյուռքը կարող էր Միջին Արևելքում գոյություն ունենալ երկար տարիներ, ապա այն Սփյուռքը, որը ձևավորվել է վերջին 50 տարիների ընթացքում, երկարատև չի կարող գոյություն ունենալ առանց խարսխի, իսկ այդ խարիսխը պետությունն է»,-ասել է Զարեհ Սինանյանը։
Comments