top of page

Եթե դուք Երևանում նոր շենք եք կառուցում, ուղարկում են ջուրը բերել Հրազդանից, իսկ գազը՝ Աբովյանից. կառուցապատող

Իրավիճակն ահագնացող է. Կադաստրի տվյալների համաձայն, նախորդ եռամսյակում ունենք բնակարանների վաճառքների անկում ավելի քան 25 տոկոսով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընթացող լսումների ժամանակ  ասաց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Տիգրան Հարությունյանը։

Նրա խոսքով, ամենօրյա աշխատանքում էլ տեսնում են, որ վաճառքների նվազման միտում կա:

Կառուցապատողը նախ ուշադադրություն հրավիրեց հանրային ծառայություն (գազ, լույս, ջուր) մատուցող ընկերությունների առաջարկած պայմաններին. «Եթե դուք նոր քաղաքաշինական նախագիծ եք սկսում Երեւանում եւ, օրինակ, մի փոքր մեծ է ձեր քաղաքաշինական նախագիծը եւ դուք դիմում եք ջրի տեխպայման ստանալու համար, ձեզ այսօր ուղարկում են Հրազդանից ջուր բերելու: Դա հանրապետական նշանակության ճանապարհի եզրով մոտ 60-70 կմ,. հազարավոր հողերի միջով ջուր բերելու մասին է խոսքը: Իրականում ոչ մի կառուցապատողի համար դա հաղթահարելի խնդիր չէ: Հաջորդը ՀԷՑ-ի միացման սակագինը 5-ապատիկ ավելացնելն է: Հաջորդը գազի միացման խնդիրն է: Մենք խնդիր ունենք, որ գազատարի հզորությունները «Գազպրոմի» ասելով չեն բավարարում եւ պետք է նոր գազատարներ կառուցվեն, որոնք կառուցվում են Երևանի ծայրամասերից։ Եթե դուք ունեք կառուցապտում Կենտրոնում կամ Արաբկիրում, գազը պետք է բերեք մոտավորապես Աբովյան քաղաքից, Ջրվեժից հարող տարածքից»,-ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում թանկացել են բնակարանները, համեմատության համար նշեց, որ հարևան Վրաստանի մայրաքաղաքում բնակարանը մոտավորապես 60 տոկոսով ավելի էժան է, քան Երևանում։

«Երևանի համեմատ մոտ կես գին արժե Թբիլիսիում։ Սա որպեսզի պատկերացնեք, թե ինչ կարգի գնային տարբերություն կա Հայաստանում ու Վրաստանում։ Այս իրավիճակում մենք հստակ տենդենց ենք տեսնում վաճառքների նվազման»,-ասաց նա։

Նշենք, որ Երևանի ավագանին 2023 թվականի դեկտեմբերի 26-ի նիստում ընդունել է որոշումներ Երևանում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին։ Շինթույլտվության փաստաթուղթ ստանալու համար նախկինում վճարվող 700․000 դրամի փոխարեն կառուցապատողները ստիպված են վճարել մի քանի անգամ ավել գումար։

bottom of page