Ադրբեջանի հնարավոր ագրեսիային Թուրքիայի միջամտության դեպքում ՆԱՏՕ-ի արձագանքը, ենթադրում եմ՝ այլ կլինի. Կոլոմինա
Թուրքիան գիտի, որ մենք աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Կարծում եմ՝ Թուրքիան պատրաստ է առաջընթաց գրանցել այդ հարցում: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Մեզ համար Թուրքիան շատ կարևոր դաշնակից է։ Ինչպես գիտեք, նա միակ դաշնակիցն է, որը սահմաններ ունի տարածաշրջանում և, հետևաբար, տարածաշրջանում առանցքային դերակատար է։ Մենք շատ անկեղծ զրույց ենք ունեցել Թուրքիայի հետ ամեն թեմայի շուրջ և, իհարկե, խոսում ենք նաև խաչմերուկների մասին: Թուրքիան գիտի, որ մենք աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Կարծում եմ՝ Թուրքիան պատրաստ է առաջընթաց գրանցել այդ հարցում։
Չգիտեմ, գուցե, նրանք իրականում նախ սպասում են ինչ-որ առաջընթացի հայ-ադրբեջանական հարաբերություններում: Դա, հավանաբար, կարող է լինել նկատառումներից մեկը, բայց ես կարծում եմ, որ նրանք իսկապես շահագրգռված են առաջ տանել հարցը: Ինչպես գիտեք, ես իսկապես չեմ կարող խորանալ մեր դաշնակիցների արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության մեջ, բայց կարծում եմ, և մենք խոսել ենք այս մասին, շատ դրական զարգացում կլինի, երբ դա տեղի ունենա»,-ասել է նա:
Հարցին՝ հնարավոր համարում ե՞ք Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի դեպքում Թուրքիայի ուղիղ միջամտությունը, և այդ պարագայում ինչպիսի՞ն կլինի ՆԱՏՕ-ի արձագանքը, Կոլոմինան պատասխանել է. «Այն, ինչ կարող եմ ձեզ ասել, այն է, որ մենք շատ կապված ենք այդ երկու սկզբունքներին՝ ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն: Մենք միշտ պարզ ենք եղել՝ մեզ համար դրանք շատ կարևոր են։ Երեք տարի առաջ իրավիճակն այլ էր։ Ինչպես ասացիք, հակասություն եղավ այն առումով, թե ինչպես եք դուք նայում տվյալ անկլավին: Եվ թեև եղել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչում, սակայն, ինչպես ասացի, հակասություն կար։ Կարծում եմ, որ մենք հիմա այլ իրավիճակի առաջ ենք, և կարող եմ ենթադրել, որ արձագանքն այլ կլինի»:
Comments