«Հրապարակ». ՔՊ-ականները «բացել են» ԲԴԽ անդամի հնդկական սերիալը հիշեցնող կենսագրության թնջուկը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ անդամի պաշտոնում վանաձորցի փաստաբան Կարեն Թումանյանին ընտրելուց առաջ երեկ ՔՊ խմբակցությունում թեժ քննարկում է եղել՝ ԱԺ նիստերի մեծ ընդմիջմանը, որը մոտ 1 ժամ է տեւել։ Մոտ 2 տասնյակ պատգամավոր է ելույթ ունեցել՝ փորձելով բացել թեկնածուի կենսագրության թնջուկը եւ հասկանալ, թե ի վերջո ինչպես է նա ազատվել զինծառայությունից։
Մինչ այդ հրապարակումներ եղան, որ թեկնածուն 1994-ին ազատվել է` 2 երեխա ունենալու հիմքով, այնինչ Թումանյանը շեշտեց, որ ամուսնացել է 2021-ին: Նա խուսափողական պատասխաններ է տվել ընդդիմադիրների հարցերին:
ՔՊ խմբակցության փակ նիստում այս բոլոր հարցերը տրվել են, սակայն դրանց պատասխանել է ոչ թե անձամբ թեկնածուն, այլ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա փոխանցել է, որ ինքը զրուցել է Թումանյանի հետ եւ կարող է ասել, որ նա ընտանեկան հիմքով չի ազատվել ծառայությունից, այլ 27 տարեկանում առողջական ինչ-ինչ խնդիրներ է ունեցել։
Ապա հնդկական սերիալի մոտիվներով մի սրտաճմլիկ պատմություն է արել, թե Թումանյանը մեծացրել է սեփական քրոջն ու եղբորը` վաղ տարիքից հայրն ու մայրը բաժանվել են, մայրը երկար տարիներ անկողնային հիվանդ է եղել, մանկահասակ քույրն ու եղբայրը նրա հոգածությանն են մնացել, եւ հենց այդ երեխաների փաստն է իբր տեղ գտել նրա կենսագրության մեջ՝ թյուրիմացության տեղիք տալով, թե 94-ին 2 երեխա է ունեցել։
Որոշ պատգամավորներ անգամ հուզվել են ու կոչ արել գործընկերներին` ընդառաջել, կողմ քվեարկել, հատկապես որ Թումանյանը 3 անգամ դիմել է տարբեր պաշտոնների համար, բայց մերժվել է: Եվ ՔՊ-ն 69 կողմով նրան ընտրեց»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում