Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է հավելվածներով. Ռոբերտ Քոչարյան
- 1 day ago
- 1 min read

«Հունիսի 7-ի ընտրություններն այն մասին են, թե Հայաստանն արդյոք մնալու է իր բովանդակությամբ հայկական պետություն։ Սա է այս ընտրությունների գլխավոր հարցը»,- նախընտրական քարոզարշավի շրջանակում ընտրողների հետ եզրափակիչ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Նա շարունակեց. «Այս ընտրությունն այն մասին է՝ մենք պաշտպանո՞ւմ ենք, թե՞ դավաճանում ենք մեր պատմությանը, մեր ինքնությանը, մեր արժեքային համակարգին։ Այս ընտրություններն այն մասին են, թե մենք պահպանո՞ւմ ենք մեր ինքնիշխանությունը, թե՞ դառնալու ենք թուրքական աշխարհի կցորդ և կատարելու ենք իրենց կամքը»։
Քոչարյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը «ֆեյքային խաղաղություն է, ֆեյքային իշխանություն է, ֆեյքային բովանդակություն է»։
«Մենք ձգտում ենք խաղաղության և հասնելու ենք դրան, հասնելու ենք կայուն, արժանապատիվ խաղաղության։ Իմ նախագահության ժամանակ դա հաջողվել էր, անելու եմ ևս մեկ անգամ։
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է հավելվածներով, որոնցով երաշխավորվելու է խաղաղությունը։ Վստահ եղեք՝ դա հնարավոր է, և մենք դա կանենք»։
Նա նշեց, որ Հայաստանը տեսնում են որպես ժամանակակից արդյունաբերական երկիր, տարածաշրջանում ամենաարդյունավետ զարգացող երկիրը՝ զարգացած գյուղատնտեսությամբ և ֆինանսական համակարգով. «Նորից դառնալու ենք Հարավային Կովկասի ամենից գրավիչ երկիրը ներդրումների համար։ Մենք այդպիսինը եղել ենք և նորից դառնալու ենք»։
«Մենք չենք պայքարելու մեր սեփական պատմության, Արարատ լեռան, Հայ Առաքելական եկեղեցու, ինքնության դեմ, մենք վռնդելու ենք նրանց, ովքեր պայքարելու են մեր արժեքային համակարգի դեմ », - ասաց Ռոբերտ Քոչարյանը։




















