«Հրապարակ»․ Միշտ էլ պետական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպում ենք, զրուցում ենք, սա առաջինը չէր
- 7 hours ago
- 2 min read

Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային նախաճաշի էր հրավիրել Հայաստանի խոշոր գործարարներին։ Նա, ողջունելով ներկաներին, նշել է, որ հանդիպմանը հրավիրվել են Հայաստանում ամենաշատ աշխատատեղեր ստեղծած ընկերությունների ներկայացուցիչները, որոնք «2018 թվականից հիմնականում արձագանքող են եղել եւ շարունակում են արձագանքող լինել կառավարության քաղաքականություններին» եւ ստեղծել են 288 հազար աշխատատեղ։ Պարզ է, որ սա նախընտրական հանդիպում է` հանրությանը ներշնչելու համար, որ խոշոր բիզնեսն իր կողքին է, բայց պարզ է նաեւ, որ այս բիզնեսմենները հնարավորություն չունեին` հրավեր ստանալու դեպքում չմասնակցել այս «նախաճաշին»` նրանց օդերը Փաշինյանն արագությամբ կփակեր:
Այնուամենայնիվ հետաքրքրիր է, թե ովքեր են մասնակցել այս հանդիպմանը: Կադրերից նկատեցինք, որ ներկա էին բոլոր իշխանությունների կողքին գտնվող Սամվել Ալեքսանյանը` Լֆիկը, Արտակ Սարգսյանը՝ Սասի Արտակը, Բակուր Մելքոնյանը՝ պետական տենդերների շահող եւ բանակի մատակարար «Արտ լանչի» տերը, «Գրանդ քենդի» ընկերության սեփականատեր եղբայրներից ավագը` Միքայել Վարդանյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը` Արտյոմ Քուշկյանի փեսան, Երեմյանների ներկայացուցիչը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Թիմ» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Եսայանը: Ներկա էին նաեւ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը` «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենը: Մենք մի քանի հարց ուղղեցինք Բակուր Մելքոնյանին:
- Ինչի՞ մասին էր աշխատանքային նախաճաշը վարչապետի եւ էկոնոմիկայի նախարարի հետ: Ի՞նչ հարցեր քննարկեցիք:
- Քննարկումն այն մասին էր, թե Հայաստանի բիզնեսմեններն ինչ խնդիրներ ունեն, առհասարակ` խոշոր գործատուներն ինչ խնդիրներ ունեն՝ աշխատակիցների հետ կապված, եւ այլն: Մեծ ռիսկեր կան, որ աշխատակիցները, արհեստական բանականության զարգացման հետ կապված, կարող են կրճատվել, այսինքն` բիզնեսը կարող է զարգանալ, սակայն աշխատատեղերը կարող են կրճատվել, եւ նմանօրինակ խնդիրներ ենք քննարկել:
- Իսկ այդ հարցերը որքանո՞վ են վարչապետի գործառույթներին վերաբերում: Ի՞նչ կապ ունի վարչապետը բիզնես ոլորտի կրճատումների հետ:
- Էկոնոմիկայի նախարարն էլ էր նստած, իսկ վարչապետն ուզում էր ընդհանուր առմամբ լսել բիզնեսին վերաբերող խնդիրները:
- Կոնկրետ Դուք, որպես գործարար, ի՞նչ խնդիրներ ունեք ոլորտում, որոնց մասին խոսեցիք Փաշինյանի եւ Պապոյանի հետ:
- Աշխատատեղերի հետ կապված խնդիրներ կան:
- Նախընտրական այս փուլում երբ հանդիպում եք իշխանավորների հետ, դա չի՞ նշանակում, որ ուղղակիորեն աջակցում եք իշխանությանը:
- Անկեղծ ասած` մենք այս տարիների ընթացքում նման հանդիպումներ շատ ենք ունեցել, սա առաջին անգամը չէր: Մենք միշտ էլ պետական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպում ենք, զրուցում ենք, սա հո առաջինը չէ, համենայնդեպս, մեր մասով հաստատ առաջինը չէր: Իմ անձնական կարծիքն այն է, որ բիզնեսի ներկայացուցիչներն անպայման պետք է պետության հետ համագործակցեն, անկախ այն բանից, թե ովքեր են իշխանությունները, պետք է բարձրաձայնել խնդիրները եւ այլն: Ես, որպես բիզնես ունեցող մարդ, փորձում եմ ամրապնդել համագործակցությունը պետության հետ: Պետք է կարողանալ ամրապնդել այդ կապը, որպեսզի առաջխաղացում լինի: Պետք է օգտվել նման առիթներից եւ զբաղվել այդ հարցերով:
- Փաշինյանի հետ նախորդ հանդիպումը ե՞րբ էր եղել, ամեն դեպքում, այդ մասին ոչ մի անգամ չի գրվել, լուսանկարներ չեն հրապարակվել:
- Նախորդ տարի, դրանից առաջ էլ եղել են պարբերաբար:
- Դուք ի՞նչ կարծիք ունեք ընտրությունների հետ կապված: Աջակցո՞ւմ եք Փաշինյանին:
- Ես քաղաքականության հետ կապված հարցերով չեմ զբաղվում, իմը տնտեսականն է: Որեւէ կուսակցության հետ կապ չունեմ ես:
- Իսկ հարցեր չքննարկեցի՞ք՝ ընտրությունների հետ կապված:
- Ոչ, բացարձակ:




















