top of page

Թվայնացված դատարան, թղթային բյուրոկրատիա․ ինչո՞ւ է Կադաստրը լրացուցիչ հաստատումներ պահանջում

  • 27 minutes ago
  • 2 min read

Կառավարությունը հայտարարում է ոլորտների ամբողջական թվայնացման մասին, սակայն Կադաստրն ու էլեկտրոնային դատարանները միմյանց չեն կարողանում «հասկանալ»։ Արդարադատության նախարարությունը, ինչպես սովորաբար, խոստանում է լուծել տվյալների փոխանակման հարցը։ Մինչ այդ քաղաքացիները ստիպված են պետական մարմիններից տեղեկանքներ ու կնքված փաստաթղթեր հավաքել՝ իրենց սեփականության իրավունքը գրանցելու համար։ Այս մասին գրում է Հետքը։

«Կադաստրի կոմիտեն գույքի պետական գրանցման համար քաղաքացուց պահանջում է դատարանի էլեկտրոնային վճռի՝ երկրորդ կնիքով հաստատված տարբերակը, որը հավաստում է, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտել։ Եթե նման փաստաթուղթ չկա, քաղաքացին կամ իրավաբանական անձը պետք է այլ ապացույցներ ներկայացնի, օրինակ՝ Դատական դեպարտամենտի տեղեկանք, դատավորի աշխատակազմի գրություն կամ այլ փաստաթուղթ։ Առանց այդ լրացուցիչ հավաստման Կադաստրը գույքի պետական գրանցում չի կատարում։

Էլեկտրոնային համակարգերի անկատարությունից հաճախ են դժգոհում նաև փաստաբանները։ Փաստաբան Ղևոնդ Պապոյանը նշում է, որ համակարգերի փոխգործելիության հարցը հնարավոր էր նախապես լուծել, մինչդեռ խնդիրը մինչ օրս կարգավորված չէ․ «Քանի դեռ հարցի մասին չի բարձրաձայնվում, այն լուծում չի ստանում»։ 

Փաստացի, թեև դատարաններն անցել են էլեկտրոնային համակարգի, այն չի հաղորդակցվում պետական այլ մարմինների հետ։ Չկարողանալով ինքնուրույն ստուգել վճռի օրինական ուժի մեջ մտնելու փաստը՝ պետական կառույցներն այդ պարտականությունը դնում են քաղաքացու վրա։ Մարդը մեկ պետական մարմնից ձեռք է բերում այն տեղեկությունը, որն արդեն իսկ առկա է մյուսի էլեկտրոնային համակարգում։ Սա ոչ միայն ծանրաբեռնում է դատարաններն ու ավելացնում բյուրոկրատիան, այլև արժեզրկում  է էլեկտրոնային արդարադատության հիմնական իմաստը՝ ժամանակի և ռեսուրսների խնայողությունը։

Թվայնացման հիմնական գաղափարն այն է, որ պետությունը քաղաքացուց չպահանջի այն տեղեկատվությունը, որն արդեն իսկ առկա է մեկ այլ պետական մարմնի բազայում։ Այս մոտեցմամբ թվայնացվում է ոչ թե ամբողջական ծառայությունը, այլ միայն դրա առանձին փուլերը․ քաղաքացին շարունակում է մնալ պետական կառույցների միջև տեղեկություն տեղափոխող օղակ՝ հավաքելով փաստաթղթեր, որոնք արդեն իսկ ստեղծվել և պահպանվում են պետական համակարգերում։

Խնդիրը խորանում է նաև պետական համակարգերի նկատմամբ վստահության բացակայության պատճառով։ Դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պաշտոնական աղբյուրը «Դատալեքս» տեղեկատվական համակարգն է, սակայն Կադաստրի կոմիտեն փաստացի չի վստահում այնտեղ առկա գրառումներին։ Սա ունի նաև օբյեկտիվ պատճառ․ համակարգում տվյալները միշտ չէ, որ ժամանակին են լրացվում։ Արդյունքում՝ էլեկտրոնային փաստաթուղթը հավասարեցվում է թղթայինին՝ պահանջելով բազմաթիվ հավելյալ հաստատումներ, ինչն էլ նվազեցնում է թվայնացման արդյունավետությունը։

Այս ամենը վկայում է, որ թվայնացման հաջողությունը կախված չէ միայն առանձին էլեկտրոնային հարթակներ ստեղծելուց։ Եթե համակարգերը միմյանց հետ չեն փոխգործակցում, թվայնացումը չի դառնում ավելի արագ ու պարզ ծառայություն․ այն ընդամենը փոխում է բյուրոկրատիայի ձևը։ 

Արդարադատության նախարարությունից «Հետքին» հաստատեցին, որ խնդիրն առկա է և պայմանավորված է համակարգերի միջև փոխգործելիության բացակայությամբ։ Գերատեսչությունից հայտնեցին, որ Կադաստրի կոմիտեի և Քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգերի միջև տվյալների փոխանակումն ապահովող ծրագրային աշխատանքներն արդեն ավարտվել են։ Դրա շնորհիվ Կադաստրը հետագայում կկարողանա էլեկտրոնային հարցման միջոցով ինքնուրույն ստուգել՝ արդյոք դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել։

Գործնականում, սակայն, խնդիրը լուծված չէ։ Նախարարությունից նշում են, որ լուծումը արտադրական միջավայրում կգործարկվի «մոտ ապագայում»։ Սա նշանակում է, որ մինչ այդ քաղաքացիները շարունակելու են կրել համակարգերի անհամատեղելիության հետևանքները՝ ներկայացնելով լրացուցիչ տեղեկանքներ ու հաստատումներ։

Գերատեսչությունից նաև տեղեկացնում են, որ նույն մեխանիզմը նախատեսվում է ներդնել վարչական դատավարության և սնանկության էլեկտրոնային համակարգերում։ Միաժամանակ նշում են, որ Կադաստրի կոմիտեից բացի՝ այլ պետական մարմիններից նման ահազանգեր չեն ստացել։

Կադաստրի կոմիտեից ևս «Հետքին» հաստատեցին, որ առանց լրացուցիչ ապացույցի՝ միայն էլեկտրոնային վճռի հիման վրա գույքի գրանցում չի կատարվում, և հավելեցին, որ Արդարադատության նախարարության հետ աշխատում են խնդիրը ծրագրային եղանակով կարգավորելու ուղղությամբ»։

 
 
1/3003
bottom of page