Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշեն» հոգեբուժարանի ինքնասպանության դեպքը
- 3 hours ago
- 1 min read

Հոգեկան առողջության հաստատություններում գտնվող անձինք գտնվում են պետության հատուկ հոգածության և պաշտպանության ներքո, ուստի նման դեպքերը լրջագույն հարցադրումներ են առաջացնում կյանքի իրավունքի ապահովման, պատշաճ հսկողության, ինչպես նաև ինքնասպանությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների կիրառման վերաբերյալ։ Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալված քաղաքացու ինքնասպանության դեպքին։
«Մտահոգիչ է նաև այն, որ խոսքը ազատությունից զրկված անձի մասին է, որի նկատմամբ պետությունն ունի պատասխանատվություն՝ ապահովելու նրա անվտանգությունն ու առողջական վիճակին համարժեք խնամքը»։
Նման դեպքերը պետք է դառնան իրավասու մարմինների կողմից անհապաղ, արդյունավետ և բազմակողմանի քննության առարկա, իսկ հոգեկան առողջության հաստատություններում վերահսկողության և ինքնասպանությունների կանխարգելման մեխանիզմները պետք է պատշաճ կիրառվեն և կատարելագործվեն։
Մարդու իրավունքների պաշտպանը իրավասու մարմիններից պարզաբանումներ կպահանջի դեպքի բոլոր հանգամանքների, այդ թվում՝ հոգեբուժական հաստատությունում կիրառված հսկողության միջոցների, բժշկական արձագանքի, ինչպես նաև ինքնասպանության ռիսկերի գնահատման և կանխարգելման ուղղությամբ իրականացված գործողությունների վերաբերյալ։
Պաշտպանը վերահաստատում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է առավել զգայուն, մասնագիտական և շարունակական մոտեցում, իսկ նման ողբերգական դեպքերի կանխարգելումը պետք է լինի պետության առաջնահերթություններից մեկը։
ք. Երևան 0002, Պուշկին 56ա
Հեռ. +374 10 537 552, Բջջ. +374 91 008 812




















