Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան
- 6 hours ago
- 1 min read

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդը, որը Հայաստանի իրական անկախության օր է համարում Արցախի դեմ Ադրբեջանի եզրափակիչ ագրեսիան, հայտարարում է դեպի Չինաստան, Հնդկաստան, Եվրոպա արտահանման աճի մասին։ Ընդ որում, ցուցանիշները՝ 80 տոկոսից ավելի։ Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Լսող, բայց տնտեսական գրագիտությունից թույլ որևէ մեկը կհամարի, թե Հայաստանը պարզապես արտահանման թռիչքաձև աճի փուլում է։
Գործնականում, Հայաստանի արտահանման ցուցանիշը նվազել է՝ 3 տոկոսից ավելի։ Այդ մասին ներկայացրի օրեր առաջ։ Աճել է ներմուծումը՝ գրեթե 3 տոկոսով։ Այլ կերպ ասած, մեծացել է առեւտրաշրջանառության բացասական սալտոն։
Բայց, լսողը կմտածի՝ 80 տոկոս աճ դեպի Չինաստան, այդքան աճ՝ դեպի Հնդկաստան, նույնքան՝ դեպի Եվրոպա։
Մինչդեռ, շատ էական է, թե ինչ կոնկրետ ծավալներ ունի այդ աճը։ Օրինակ, եթե դուք Եվրոպա էիք արտահանում երկու բեռնատար, իսկ հիմա՝ չորսը, ապա ստացվում է 100 տոկոս աճ։ Բայց, ընդհանուր առմամբ՝ դա ոչինչ է։ Ահա, ըստ էության այդ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով, առանց ապրանքային ծավալները բացելու»,-գրել է նա։




















