«Քանի միկրոֆոնս չեն անջատել, արագ մի քանի հարց տամ, հասցնեմ». Թադեւոս Ավետիսյան

Քանի միկրոֆոնս չեն անջատել, հասցնեմ մի քանի հարց տամ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Նիստը վարող, հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նկատեց, որ սա ուրիշ սենյակ է, իրեն ընդհատել են ուրիշ սենյակում, ինչին Ավետիսյանն արձագանքեց. «Սենյակից չի, ավելի շատ ինձնից է:
«Նախ ասեմ, որ բավականին հավակնոտ ծրագիր է, եւ կարծում եմ՝ բավական ուշացած: ՏՏ ոլորտը այս տարվա վերջին ցուցանիշներով էական անկում է արձանագրել: Իսկ այն խնդիրները, որ կան, նոր չեն, տարիներ շարունակ դրանք քննարկվել են:
Հիմա ուզում եմ հասկանալ՝ այսպիսի հետազոտության հիմքում ինչ-որ հետազոտություն կամ խորքային վերլուծություն կա՞ արդյոք: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ այս ուղղությունները եւ արտոնությունների այս չափերը, որովհետեւ ասում եք՝ 5 անգամ փոքրացնենք այսինչ հարկը, մի քանի տարի տանք աշխատավարձի այսպիսի փոխհատուցում: ԴՐանք ինչքանո՞վ են հիմնավոր եւ ծախսարդյունավետ»,-ասաց նա:
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ի պատասխան ասաց. «Մենք նման նախագիծ մշակելիս փորձել ենք օգտվել մի շարք հետազոտություններից, ինչպես նաեւ գործընկերների հետ անելով մեր հետազոտությունները: Առաջին փաստաթուղթը, որ ուսումնասիրեցինք, ՄԱԿ-ի միգրացիայի միջզգային կազմակերպության հետազոտությունն էր, որի հիմքում դրված էր հարցադրումը, թե ինչ պայմաններ են վերջին տարիներին հարկադրել տասնյակ հազարավոր միգրանտներին տեղափոխվել Հայաստան, ինչ ժամկետով են եկել Հայաստան: Դրանում նաեւ խորքային հետազոտություն էր արված այն հնարավորությունների, որոնք դրդել են տվյալ մարդկանց հենց Հայաստան փոխադրվել: Այնտեղ նաեւ հստակ ցույց էր տալիս ՀՀ-ից երրորդ երկիր տեղափոխվող աշխատանքային միգրանտների որոշման վրա ազդող գործոնները»:
Նախարարի խոսքով, իրենք հետազոտություն են արել, թե Հայաստանի տնտեսությունը որքանով է պատրաստ առաջարկել գրավիչ պայմաններ ոչ միայն աշխատանքային միգրանտներին, այլեւ տեղական ընկերություններին մնալ, աճել, զարգանալ, անել ներդրումներ: «Այո, բնականաբար, այդ հետազոտություններն արվել են, եւ այս փաթեթը հիմնված է այդ հետազոտությունների տվյալների վրա: