Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
- 1 day ago
- 1 min read

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 6 եպիսկոպոսների` Նաթան Սրբազանին, Հայկազուն Սրբազանին, Վահան Սրբազանին, Մակար Սրբազանին, Մուշեղ Սրբազանին, Հովնան Սրբազանին վերագրվող քրեական գործը մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն օգոստոսի 7-ին կայացած դատական նիստի ժամանակ դատավորն ինքնաբացարկ էր հայտնել։
«Թեմակալ առաջնորդի պաշտոնից ետ կանչելու և եպիսկոպոսի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշումներին պետության միջամտությունը Եկեղեցու ինքնավարության, պետություն–Եկեղեցի սահմանադրական հարաբերությունների և կրոնական ազատության հիմնարար սկզբունքի խախտում է և պատմական ամոթալի իրադարձություն։ Հայոց Հայրապետը ենթարկվում է քրեական հետապնդման՝ իր եկեղեցական և կանոնական պարտականությունը կատարելու համար։ Այս քրեական գործով դատարանը քննելու է ոչ միայն առանձին անձանց ներկայացված մեղադրանքները, այլ կարևոր մեկ այլ հարց՝ կարո՞ղ է արդյոք աշխարհիկ իշխանությունը ներխուժել Եկեղեցու ներքին կյանք և քրեականացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իշխանության իրացումը»,-ավելի վաղ հայտարարել էր փաստաբան Արա Զոհրաբյանը։




















