Խթանում, թե՞ խիստ վերահսկողություն. կայացել է Robust Armenia կոնֆերանսը
- 2 days ago
- 2 min read

2026 թվականի ապրիլի 22-ին Մեդիամաքս մեդիա ընկերությունը անցկացրեց կայուն զարգացման հարցերին նվիրված թվով երրորդ Robust Armenia/Ամուր Հայաստան կոնֆերանսը: Այս տարվա թեման էր «Բիզնեսը եւ բնությունը»:
Կոնֆերանսի գործընկերներն էին Ամերիաբանկը, «Լիդիան Արմենիա» ընկերությունը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ):
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը պատմել է անտառների վերականգման ծրագրի մասին:
«Կան տարածքներ, որտեղ գործունեության ընթացքում հնարավոր չէ խուսափել ծառահատումներից: Հետագայում դրանք պարտադիր է վերականգնել: Պարտավորվել ենք վերականգնել անտառներին հասցված վնասը եւ Շրջակա միջավայրի նախարարության հետ իրականացնում ենք ծրագիր: Ընդհանուր առմամբ, խոսքը մոտ 300 հեկտար տարածքի մասին է, որից 18 հեկտարն արդեն վերականգնվել է, 2-ի վերականգնումն ընթացքում է, իսկ մնացածի վերականգնման մասով նախարարության հետ կնքվել է հուշագիր եւ աշխատանքները շարունակական են լինելու», - ասել է նա:
«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման մենեջեր Արթուր Պեպանյանը ներկայացրել է Ամուլսարի գագաթին հայտնաբերված Կարմիր գրքի բուսատեսակի՝ Մատնունի ծիրանավորի պահպանության ծրագիրը:
«Մեզ միացան Բուսաբանության ինստիտուտի մասնագետները, Քեմբրիջի համալսարանի գիտնականները, եռակողմ պայմանագիր կնքեցինք եւ սկսեցինք տարածքում առկա բուսատեսակի առանձնյակների հաշվառումը: Դրանց 21%-ը բուն ենթակառուցվածքների հատվածում էր: Բուսաբանության ինստիտուտի մասնագետների կողմից այս տարածքում աճող Մատնունի ծիրանավորի առանձնյակները տեղափոխվեցին Սեւանի բուսաբանության այգի՝ ջերմոցներում հետագա պահպանման համար: Անգամ Ամուլսարում 2018-2025թթ. աշխատանքի դադարի ընթացքում այս բուսատեսակի շուրջ գործընթացները կանգ չեն առել, եւ արդեն ունենք արդյունք: Հավաքվել է մոտ 30 հազար սերմ, որոնց միջոցով նախատեսվում է բուսատեսակը վերադարձնել բնական միջավայր», - պատմել է նա:
Ամերիաբանկի միջազգային եւ հատուկ նախագծերի վարկավորման, վարկային գործակալության բաժնի ղեկավար Անի Պապյանը կարծիք է հայտնել, որ
յուրաքանչյուր բիզնեսի նպատակն ի վերջո շահույթ ստանալն է, եւ պետության դերն ավելի շատ խթանող միջոցների ստեղծման մեջ է:
«Օրինակ՝ սուբսիդավորման ծրագրերի, հարկային արտոնությունների, դրամաշնորհների տեսքով այն ընկերություններին, որոնք «կանաչ» օրակարգ ունեն:
Կարծում եմ, որ նման խթանումն ավելի արդյունավետ է, քան ավելի խիստ վերահսկողությունը: Բիզնեսի համար կայուն զարգացումն ու «կանաչ» տնտեսությունը պետք է լինի ոչ միայն պարտադրանք, այլեւ՝ շահութաբեր: Սա կարեւոր է նաեւ ֆինանսավորում ստանալու համար», - նկատել է Անի Պապյանը:
Առաջին պանելային քննարկման թեման էր «Բիզնեսը, բնությունը եւ կենսաբազմազանությունը. հակադրություն, թե՞ գործակցության հնարավորություն»:Քննարկմանը մասնակցում էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը, «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման մենեջեր Արթուր Պեպանյանը, Ամերիաբանկի միջազգային եւ հատուկ նախագծերի վարկավորման, վարկային գործակալության բաժնի ղեկավար Անի Պապյանը եւ Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ Վաղինակ Ստեփանյանը: Քննարկման մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Երկրորդ պանելային քննարկման թեման էր «Կանաչ տնտեսություն»՝ ի՞նչ է դա իրականում»: Քննարկմանը մասնակցում էին Coca Cola HBC Armenia, հասարակական կապերի եւ կայունության գծով տնօրեն Էլինա Մարգարյանը,
«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ գլխավոր գործադիր տնօրեն, Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիա ՀԿ նախագահ Արսեն Բազիկյանը, Երեւանի կոնյակի գործարանի որակի, անվտանգություն եւ շրջակա միջավայրի հարցերով ղեկավար Շուշան Խաչատրյանը, GreenInvest.ai նախագծի հեղինակ Արմեն Սաքապետոյանը:




















