Axios․ Հայտնի են դարձել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի նոր առաջարկի մանրամասները
- 17 hours ago
- 1 min read

Կատարը, Եգիպտոսը, Պակիստանը և տարածաշրջանի մի շարք այլ միջնորդ երկրներ ԱՄՆ-ին և Իրանին ներկայացրել են 10-օրյա հրադադարի առաջարկ։ Այդ մասին Axios-ին հայտնել են երկու տարածաշրջանային աղբյուրներ։
ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է առաջարկը և Իսրայելին կոչ է արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են փակել դիվանագիտական կարգավորման հնարավորությունը։
Միաժամանակ Վաշինգտոնը պատրաստվում է նաև բանակցությունների հնարավոր ձախողմանը։ Վերջին օրերին ԱՄՆ-ն տարածաշրջան է տեղափոխել տասնյակ կործանիչներ և օդային լիցքավորման ինքնաթիռներ։
Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ՝ երկրի բանակը պատրաստվում է պատերազմի հնարավոր ընդլայնմանը։
Եթե հաստատվի 10-օրյա հրադադարը, այդ ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը կանցկացնեն բանակցություններ՝ Հորմուզի նեղուցով նավագնացությունը կարգավորող ավելի երկարաժամկետ համաձայնագրի շուրջ։
Տարածաշրջանային աղբյուրներից մեկի տեղեկացմամբ՝ քննարկվող տարբերակներից մեկը նախատեսում է, որ Իրանը կարող է գանձել «ողջամիտ վճարներ» ծովային անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության և հարակից ծառայությունների համար։
Մեկ այլ առաջարկով այդ վճարները կարող են փոխանցվել համատեղ հիմնադրամի, որը կգործի Միջազգային ծովային կազմակերպության մասնակցությամբ։
Աղբյուրներից մեկի խոսքով՝ Սպիտակ տունը կարող է դեռ մի քանի օր շարունակել Իրանի ռմբակոծումը՝ ի պատասխան Հորդանանում ամերիկացի զինծառայողների զոհվելու, և միայն դրանից հետո լրջորեն քննարկել հրադադարի առաջարկը։




















