XV միջազգային բալետի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Մարուքյանն արժանացել է մրցանակի
- 6 hours ago
- 2 min read

Մոսկվայում հայտարարվել են բալետի արտիստների 15-րդ միջազգային մրցույթի մրցանակակիրները, որոնց թվում է Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Մարուքյանը: Նա «Տղամարդիկ, սոլո» անվանակարգում արժանացել է 3-րդ մրցանակին (բրոնզե մեդալ)։
«Հայտարարվել են Մոսկվայում անցկացվող XV միջազգային բալետի մրցույթի հաղթողները։ Սա դասական պարի աշխարհում խոշոր իրադարձություն է, որը միավորում է աշխարհի տարբեր ծայրերից տաղանդավոր երիտասարդ պարողների՝ ցուցադրելու իրենց հմտություններն ու արվեստը»,- գրել է Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։
Ռազմիկ Մարուքյանն արդեն իսկ արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ 2017 թվականին մասնակցել է Բրյուսելում կայացած «Արաբեսկ» միջազգային մրցույթին, որտեղ գրավել է 1-ին տեղը և արժանացել «Ամենարտիստիկը» հատուկ մրցանակին, 2024 թվականին Պերմում 18-րդ անգամ անցկացված Եկատերինա Մաքսիմովայի անվան «Արաբեսկ» ռուսական բալետի մրցույթին, որին մասնակցել են ավելի քան 200 արտիստներ և պարուսույցներ 14 երկրից, ճանաչվել է լավագույնը՝ արժանանալով առաջին մրցանակի։
XV միջազգային բալետի մրցույթը, որն այս տարի նվիրված էր պարուսույց և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչին, տեղի է ունեցել հունիսի 25-ից հուլիսի 5-ը: Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս տարի ներկայացվել էր 362 հայտ 35 երկրներից, այդ թվում՝ Ավստրիայից, Արգենտինայից, Բելառուսից, Բրազիլիայից, Միացյալ Թագավորությունից, Իսպանիայից, Իտալիայից, Նոր Զելանդիայից, Չինաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Շվեդիայից և Ճապոնիայից: Մրցույթին մասնակցել է 30 երկրներից մոտ 160 մասնակից:
Միջազգային բալետի մրցույթն առաջին անգամ անցկացվել է 1969 թվականին Մեծ թատրոնում։ Այն անցկացվում է չորս տարին մեկ, համարվում է աշխարհի ամենահեղինակավոր բալետային մրցույթներից մեկը։
«Մոսկվայում անցկացվող միջազգային բալետի մրցույթը բալետի աշխարհի օլիմպիական խաղերն են։ Մրցույթը հիմնադրվել է 1969 թվականին Մեծ թատրոնի բեմում։ Ռուսական բալետի դպրոցի համաշխարհային ազդեցությունը, մրցույթի հիմնադիրների հեղինակությունը և աշխարհի ամենակարևոր բեմերից մեկի կախարդանքը միջոցառմանը տվել են առաջատար միջազգային բալետի մրցույթի կարգավիճակ։ Բալետային մրցույթն անցկացվում է չորս տարին մեկ։ Մրցույթում հաջող ելույթը ճանապարհ է հարթում տաղանդավոր երիտասարդ պարողների և պարուսույցների համար, իսկ հաղթողի կոչումը բացում է աշխարհի առաջատար պարասրահների դռները»,- նշված է մրցույթի կայքում։




















