ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՄԻ ՄԵՂԱԴՐԵՔ. ՆԱ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ Է ԵՂԵԼ, ԿԱ՛Մ ԻՆՔԸ, ԿԱ՛Մ` ՀԱՅԱՍՏԱՆԸ
- Elen Hovsepyan
- 2 days ago
- 3 min read

Դեռեւս մեկ տարի առաջ հոդված էի գրել, որում պատմում էի այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն արդարադատության նախարարությանը հանձնարարություն է տվել՝ օրենսդրական սողանցքներ գտնել կամ հորինել, որոնք իրեն հնարավորություն կտան զավթել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ Վեհափառի աթոռին նստեցնել իրեն հլու-հնազանդ ու բացարձակ կամակատար մեկին, որը ոչ միայն չի քննադատի իրեն, չի հակադրվի իր հակազգային, հակապետական գործունեությանը, այլեւ, ընդհակառակը` կգովերգի եւ կփառաբանի: Մի խոսքով, կաթողիկոսական գահի վրա լինի այնպիսի մեկը, ինչպիսին, ասենք, իր ՄԻՊ-ն է, գլխավոր դատախազը, կառավարության անդամները կամ իր խմբակցության պատգամավորները` նույնքան թուրքահպատակ եւ ազգուրաց: Այս գործը գլուխ բերելու համար նա մտադիր էր լուծարել Հայ առաքելական եկեղեցին` որպես իրավաբանական կառույց, ոստիկանական մահակների, բռնության եւ խոշտանգումների միջոցով եկեղեցիներից դուրս հանել անհնազանդներին, մի քանի օր եկեղեցիների դռները կողպել, դրանք դնել ոստիկանական հսկողության տակ, հետո իրեն հնազանդ եւ հավատարմության երդում տված մի քանի եկեղեցականներ կդիմեին արդարադատության նախարարություն` «Հայ առաքելական եկեղեցի» անունով նոր կառույց գրանցելու հայտով, Պետռեգիստրն արագ կգրանցեր, որին էլ կհանձնվեին եկեղեցիներն ու եկեղեցուն պատկանող մնացած գույքը:
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին աշխատանքից ազատելը կարող է կապված լինել հենց վերոշարադրյալ սցենարի իրագործման մեջ մասնակցություն չունենալու նրա ցանկության հետ: Որքան էլ որ նա փաշինյանական իշխանությանը ծառայելու հարցում իրեն դրսեւորել է որպես կարմիր գծեր չունեցող մեկը, բայց մի բան է շարքային ցուցարարի նկատմամբ բռնություն գործադրելը, մեկ այլ բան է վանքերի ու եկեղեցիների վրա ոստիկանական ռեյդերի իրականացումը: Ըստ այս սցենարի, Ամենայն հայոց կաթողիկոսի եւ մյուս բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ բռնություն կիրառելու, նրանց խոշտանգելու գործը, թերեւս, պետք է իրականացներ անձամբ Արամ Հովհաննիսյանը, որը, հավանաբար, չի ցանկացել նման մեղքի տակ մտնել: Բայց Փաշինյանը մտածում է, որ հաստատ կգտնի նման մեկին, որը, հանուն պաշտոնի եւ փողի, հարազատ հորն ու մորն էլ կգնդակահարի, ուր մնաց՝ կաթողիկոսի կամ սրբազանների նկատմամբ բռնություն չգործադրի: Հնարավոր է, որ այդ գործին նշանակվի Հայ առաքելական եկեղեցու հետ կապ չունեցող մեկը, որի համար ՀԱԵ-ի դեմ պայքարը կարող է նույնիսկ գաղափարապես արդարացված լինել:
Այն, ինչ հիմա անում է Փաշինյանը, ընդամենը փորձում է լեգիտիմացնել իր կողմից առաջիկայում իրականացվող ապօրինությունները, ուզում է դրա համար բարոյական- զգայական արդարացում ապահովել: Նա ոչ թե հասարակությանը, այլ ոստիկանությանն ու դրա բարձրաստիճան պաշտոնյաներին է ուզում համոզել, որ կաթողիկոսը կամ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան սպասավորներն այնքան էլ սուրբ ու սրբազան չեն, ընդհակառակը՝ նրանք խախտել են եկեղեցուն տված կուսակրոնության ուխտը, նրանց բարեվարքությունը կասկածի տակ է, եւ իրենք, հարձակվելով եկեղեցու եւ եկեղեցականների վրա, ոչ թե մեղք են գործելու ընդդեմ հավատի եւ Աստծո, այլ ընդհակառակը` կարգուկանոն են հաստատելու եկեղեցում, իրենք մասնակիցն են եկեղեցու առողջացման գործին:
Ամերիկացիներն ու եվրոպացիներն իզուր տեղը չեն միլիոնավոր դոլարներ ծախսել ոստիկանության, այսպես կոչված, բարեփոխումների վրա, իզուր չեն ոստիկանության աշխատակիցներին թանկարժեք ու ժամանակակից մեքենաներ առել ու երեկվա գուղացուն կամ անգործ քաղաքաբնակին «Ժիգուլու» ղեկից հանել-բերել-նստեցրել «Վոլվոյի» ու «Տոյոտայի» ղեկին: Այս կյանքում ոչինչ անվճար չի լինում, երբ որեւէ մեկն ինչ-որ բան է անում, իբրեւ թե բարեգործության կամ օգնության անվան տակ, պետք է հասկանալ, որ այդ օգնությունը կամ բարեգործությունը հետո քթից են բերելու: Հիմա ամերիկյան եւ եվրոպական երկրների դեսպաններն ասելու են, որ պետք է ընտրություն կատարեք, կա՛մ նորից հետ եք գնում գյուղ եւ նստում եք ջարդած «Ժիգուլու» ղեկին ու ապրում եք հին կյանքով` աղքատ ու իրավազուրկ, կա՛մ հարձակվում եք ձեր արժեքների վրա, ոտնատակ տալիս ձեր սրբությունները:
Եթե ինչ-որ մեկի մոտ հարց առաջանա, թե ինչ կապ ունեն Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարի հարցում ամերիկյան կամ եվրոպական դեսպանները, ապա պետք է նրանց ասել, որ նրանց ուզածը հայ հասարակության տեղը բիոզանգված ստանալն է, որը չունի ո՛չ ազգային, ո՛չ կրոնական, ո՛չ ընտանեկան եւ ո՛չ էլ այլ կարգի արժեքներ: Որ իրենց համար այս կյանքում կա միայն մի արժեք ու նպատակ` ցերեկը սնվել, գիշերը քնել, իսկ հանուն այդ սննդի եւ քնի իրավունքի՝ հնազանդորեն ծառայել տերերին: Ովքեր կծառայեն, կունենան սնունդ եւ կացարան, ովքեր չեն ծառայի, կոչնչացվեն:
Հաջորդ քայլով Փաշինյանը սկսելու է կոմպրոմատներ բացահայտել ՀԱԵ տարբեր ներկայացուցիչների դեմ, մի մասը՝ գուցե իրական, մեծ մասը` կեղծ ու սարքովի, որ փորձի արդարացնել իր կողմից իրականացվող ապօրինությունները: Նիկոլ Փաշինյանին մեղադրելն անիմաստ է. նա ընտրության առաջ է եղել, կա՛մ ինքը, կա՛մ Հայաստանը, ինքն իր ընտրությունը կատարել է եւ զբաղված է Հայաստանը ոնչացնելով: Մենք էլ մեր ընտրությունն ունենք, որից անընդհատ թռնում ենք՝ մտածելով, որ կարելի է ոչինչ չանելով գոնե առկա իրավիճակը պահել եւ ապրել հին ձեւով: Ու ամեն անգամ տեսնում ենք եւ արձանագրում, որ հերթական պարտությունը կրեցինք, իրականությունը միշտ փոխվում է եւ ի վնաս մեզ: