top of page

«Ալիևի համար նախընտրելի է գործ ունենալ հենց Փաշինյանի հետ»․ Թաթուլ Հակոբյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 2 min read
ree

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի նախագահը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունների համար տհաճ իրավիճակ է ստեղծում:


Ճիշտ է, Իլհամ Ալիևը Վաշինգթոնի հանդիպումից հետո ավելի զուսպ է արտահայտվում և ակնհայտ վիրավորական արտահայտություններ թույլ չի տալիս, ինչպես նախկինում, սակայն շարունակում է կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության գոյությունը իր ներկա սահմաններով:


Կիրանց-Բաղանիսով սահմանազատումը կանգ առավ, Ադրբեջանը առանց կռվի ստացավ պահանջածը:


Երբ ուսումնասիրում ենք ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները, նկատելի է դառնում, որ Ալիևի համար նախընտրելի է գործ ունենալ հենց Փաշինյանի հետ:


Մյուս կողմից, վստահաբար չենք կարող ասել, որ իր պահանջները ստանալուց հետո Ադրբեջանը գնալու է դեպի վերջնական խաղաղություն:


Ադրբեջանցիների և թուրքերի պահանջով Հայաստանը հրաժարվում է իր խորհրդանիշներից, պատմական անցյալի դրվագներն է «սրբագրում», պատրաստվում է փոխել Սահմանադրությունը, Ադրբեջանի և ադրբեջանցի ժողովրդի հանդեպ չի օգտագործում թշնամական բառապաշար...


Իսկ ի՞նչ է անելու Ադրբեջանը, եթե կես տարի անց Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն: Հարցին դժվար է միանշանակ պատասխան տալը, բայց փաստ է, որ բացի Փաշինյանն ու իր թիմը, ադրբեջանական իշխանական լրատվամիջոցներն ու պրոպագանդան մյուս քաղաքական ուժերին պիտակում է ռևանշիստներ: Թիրախում առաջին հերթին Հայաստանի նախկին նախագահներն են ու նրանց թիմերը, Սփյուռքը, Հայ առաքելական եկեղեցին...


Եթե Ալիևի համար հարմար է աշխատել Փաշինյանի հետ, ապա տրամաբանությունը հուշում է, որ խաղաղության և Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների հարցերում գոնե առաջիկա ամիսներին նա պետք է ավելի կառուցողական լիներ: Մինչդեռ Ալիևի երեկվա հայտարարությունը Հայաստան ադրբեջանցիների վերադարձի և Սևանա լճի մասին բոլորովին հակառակ տպավորությունն է ստեղծում:


Կասկած չունեմ, որ Հայաստանում ով էլ գա իշխանության, ստիպված է լինելու շարունակել խաղաղ բանակցությունները Ադրբեջանի հետ, որովհետև այսօր դրա այլընտրանքը կոնֆրոնտացիան է, որի ռեսուրսը մենք չունենք: Կարող է տարիներ անց ունենանք, բայց այսօր չունենք հաստատապես:


Իսկ գուցե Ալիևը փորձում է պատանդ պահել Թուրքիա-Հայաստան հարաբերություննե՞րը: Դրա պատասխանը կունենաք առաջիկայում: Եթե Անկարան շարունակի փակ պահել սահմանը, ապա կլինի հաստատումը այն բանի, որ ոչ միայն մինչև ընտրություններ, այլ անգամ դրանից հետո չենք ունենալու բնականոն հարաբերություններ ոչ Թուրքիայի, ոչ էլ՝ Ադրբեջանի հետ:


Հայաստանին այլ բան չի մնում, քան փորձել վերականգնել ռազմական հավասարակշռությունը, կատարել տնային մյուս աշխատանքները և հասնել մի իրավիճակի, երբ Ադրբեջանի կողմից նոր պատերազմի գինը կդառնա շատ թանկ:


Երկրորդ, գնալ ներքին համերաշխության և վերջ տալ ատելության արշավը: Մի բան, որ ոչ միայն չենք տեսնում, այլ տեսնում ենք հակառակը»:

1/2448
bottom of page