«Մտածում են՝ կարող են մարդկանց մոլորեցնելով խուսափել քաղաքական պատասխանատվությունից»․ Տիգրան Աբրահամյան
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գործող իշխանության անպատասխանատվության մասշտաբը պատկերացնելու համար պետք է ընդամենը ՊՆ ամփոփիչ ասուլիսից մի դրվագ նայել:
Պապիկյանին հարցնում են Սև լճի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքի մասին, որն անցնում է ադրբեջանական ճանապարհային արգելափակիչով (շլանգբաուն) և զննությամբ, իսկ վերջինս դրան արձագանքելով հիշեցնում է, որ այդ վիճակն իր նախարար ժամանակ չի առաջացել:
Դեպքը տեղի է ունեցել 2021 թվականին` այս իշխանության հանցավոր անգործության հետևանքով:
Ադրբեջանը մի շարք ուղղություններով մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածքներ և դա տեղի է ունեցել գործող իշխանության պաշտոնավարման ընթացքում, սակայն տարբեր պաշտոնյաներ մտածում են, թե կարող են մարդկանց մոլորեցնելու ճանապարհով խուսափել այն ծանր քաղաքական պատասխանատվությունից, որն առաջացել է իրենց կառավարության տապալված քաղաքականության հետևանքով:
Ավելին, եթե Պապիկյանն անձնական պատասխանատվության և իր պաշտոնավարման ժամանակահատվածի մասին է խոսում, ապա թարմացնեմ հիշողությունը: Իսկ ո՞ւմ պաշտոնավարման ժամանակ 2022 թվականին Ադրբեջանն ագրեսիա հրահրեց ու ՀՀ տարածքներն օկուպացրեց:
Ո՞ւմ պաշտոնավարման օրոք 2023 թվականին Ադրբեջանը մխրճվեց Կոռնիձոր և Տեղ գյուղերի հատվածում:
Ի՞նչ ճակատագիր ունեցավ պաշտպանության բանակն Արցախի օկուպացիայի և ՀՀ իշխանության ամոթալի վարքագծի պայմաններում:
Ադրբեջանը մինչ օրս ոչ միայն շարունակում է օկուպացված պահել ՀՀ ինքնիշխան տարածքները, այլև ՀՀ-ի հետ բանակցությունների համատեքստում որևէ ակնարկ կամ պատրաստակամություն չի դրսևորում իր զորքերի դուրսբերման մասին խոսելու վերաբերյալ»։




















