top of page

Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ

  • 2 hours ago
  • 2 min read

Ռուսաստանում վառելիքի լուրջ դեֆիցիտը և ռուսական կողմի կտրուկ սահմանափակումներն ուղղակիորեն սպառնում են Հայաստանին վառելիքի թանկացմամբ։

Ուկրաինական հարձակումների հետևանքով ռուսական նավթավերամշակման գործարանների և պահեստների կրած վնասները հանգեցրել են ներքին շուկայում լուրջ լարվածության, ինչն արդեն իսկ ստիպել է պաշտոնական Մոսկվային գնալ կտրուկ քայլերի։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անցկացրած վերջին խորհրդակցության ժամանակ հայտարարվեց, որ ներքին սպառողների շահերից ելնելով՝ սահմանվել է բենզինի և ավիացիոն վառելիքի արտահանման ժամանակավոր լիակատար արգելք, ինչպես նաև քննարկվում է դիզելային վառելիքի արտահանումն ամբողջությամբ արգելելու հարցը։ Թեև ՌԴ նախագահը պնդում է, որ ծավալների անկումը նախորդ տարվա համեմատ կազմել է ընդամենը 4%, իսկ պակասուրդը լրացվում է պահուստների հաշվին, իրավիճակը հարավային շրջաններում փաստում է բոլորովին այլ իրողության մասին։

Panorama.am-ը տնտեսագետ Հրայր Կամենդատյանից փորձեց հասկանալ, թե ռուսական արտահանման արգելքն ու ներքին ճգնաժամն ինչպիսի ազդեցություն կունենան Հայաստանի վրա, որտեղ շուկայի ընդհանուր ծավալի մոտ 60-70 տոկոսն ապահովվում է հենց ռուսական մատակարարումների հաշվին։

Նրա համոզմամբ, Ռուսաստանում ստեղծված իրավիճակն անխուսափելիորեն հարվածելու է մեզ, քանի որ հայկական մասնակցությունը ռուսական արտահանման մեջ բենզինի մասով կազմում է մոտ 240 հզ տոննա, իսկ դիզելային վառելիքի մասով՝ շուրջ 140-150 հզ տոննա։

Տնտեսագետը նշեց, եթե ռուսական մի շարք շրջաններ, օրինակ՝ Ղրիմը կամ Կրասնոդարի երկրամասը, ընդհանրապես զրկված են վառելիքից և այնտեղ քաղաքացիներին վառելիք չի վաճառվում, ապա Հայաստանին առանց մաքսատուրքի էներգակիրներ մատակարարելու իմաստը ռուսական կողմի համար դառնում է բացարձակ անընդունելի կամ կասկածելի։

«Բերքահավաքի ակտիվ փուլում գտնվող Ռուսաստանն ամեն գնով փորձելու է ներքին լարվածությունը տեղափոխել արտաքին գործընկերների վրա և ռեսուրսներն ուղղել դեպի ներքին շրջաններ»,-մտահոգություն հայտնեց Կամենդատյանը՝  նշելով, որ Հայաստանի իշխանությունները չեն հաղորդակցվումհանրության ու մասնագիտական շրջանակների հետ, մինչդեռ շատ շուտով մեզ մոտ վառելիքի լուրջ խնդիրներ են առաջանալու։

Անդրադառնալով վերջին շրջանում շրջանառվող այն թեզերին, թե Ռուսաստանից էներգակիրների ներկրումները կրճատվել են մոտ երեք անգամ, իսկ բենզինը հիմնականում բերվում է Եգիպտոսից ու Ռումինիայից, տնտեսագետ Հրայր Կամենդատյանը դրանք որակեց որպես բացահայտ մոլորություն և խաբեություն։ Նա հստակեցրեց, որ այլընտրանքային ուղղությունների իրական մասնաբաժինները չնչին են, որտեղ Ռումինիան կազմում է ընդամենը 3-4 տոկոս, Բուլղարիան՝ 4-5 տոկոս, Եգիպտոսը՝ 1.5 տոկոս, Լիբանանը՝ մոտ 0.7 տոկոս, իսկ Թուրքիայից ներկրվում է չափազանց փոքր խմբաքանակ։

Այսպիսով, ակնհայտ է, որ ռուսական համեմատաբար էժան վառելիքի հոսքի սահմանափակման պարագայում Հայաստանը ստիպված է լինելու մեծացնել ներկրման ծավալները Եվրոպայից, մասնավորապես՝ Բուլղարիայից և Ռումինիայից։ Սակայն, ինչպես փաստում են փորձագետները, նույնիսկ այլ երկրներից ներկրելու դեպքում վառելիքի գինը շատ թանկ է լինելու, քանի որ եվրոպական ուղղությունը չունի այն արտոնյալ պայմաններն ու էժան գնագոյացումը, որն ապահովվում էր ԵԱՏՄ շրջանակներում Ռուսաստանի կողմից։

 
 
1/2950
bottom of page