Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում «Վեոլիա ջուր» ընկերությունը և պատկան մարմինները տապալվել են․ Գոհար Մելոյան
- 6 hours ago
- 1 min read

Հայը չպետք է ջրի խնդիր ունենա, այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
«Հանրահայտ է, որ Հայաստանը խմելու և ոռոգման ջրով ինքնաբավ երկիր է։
Այդ դեպքում ինչո՞ւ է այդքան խիստ ձևով սահմանափակվում ջրամատակարարումը։
Երեկ օրվա առաջին կեսին ԶԼՄ-ներով լայնորեն տարածվում էր «Վեոլիա ջուր» ընկերության հայտարարությունը՝ մայիսից մինչև սեպտեմբեր ամիսներին ՀՀ բնակչության ջրամատակարարման գրաֆիկի կտրուկ սահմանափակման մասին, ինչի արդյունքում՝ տասնյակ հազարավոր բաժանորդների համար սահմանվելու էր ջրամատակարարման 17-ժամյա գրաֆիկ։
Դրան անմիջապես հետևեց հայ հասարակության արդարացի ցասումը։
Պատասխանը, ըստ էության, ակնհայտ է՝ առկա է ջրային ռեսուրսների խայտառակ կառավարման մակարդակ։
Ջրի կորուստը հասնում է 65 %-ի։ Համեմատության համար նշենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը օրինական սեփականատերերից խլելու պահին կորուստը կազմել է ընդամենը 6 %, ինչի շնորհիվ էլ կուտակվել էր 7 միլիարդ դրամը, որի հաշվին առաջարկում էինք իջեցնել մարդկանց հոսանքի գինը։
Հետևաբար ակնհայտ է, որ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում «Վեոլիա ջուր» ընկերությունը և պատկան մարմինները, ներառյալ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և ՀՀ կառավարությունը՝ ՏԱՊԱԼՎԵԼ են։
Իշխանությունները երեկոյան հայտարարեցին, որ «Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման փոփոխություն չի լինի»։
Այստեղ հնարավոր է երկու տարբերակ․
-կամ «Վեոլիա ջուր» ընկերությունը, ակնհայտ հնարավորություն ունենալով չսահմանափակել ջրամատակարարումը, այնուամենայնիվ՝ սահմանափակում է այն, ինչը կարելի է գնահատել որպես «դիվերսիա» Հայաստանի Հանրապետության դեմ,
-կամ ՀՀ կառավարությունը «հորդորել է» մասնավոր ընկերությանը հետ կանգնել սահմանափակումներից, ինչը միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքում միայն ավելի կխորացնի ջրամատակարարման խնդիրը, եթե ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում չիրականացվեն ակնհայտ համակարգային բարեփոխումներ։
Հետեւաբար՝ խնդիրը դեռ կա եւ համապետական անվտանգային մակարդակի է»,-գրել է նա։




















