Երևանում բացվել է Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսը
- May 14
- 1 min read

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Արդի Արվեստի Կենտրոնում կայացավ իսլանդացի ճանաչված արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» խորագիրը կրող առաջին անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ «Ժամանակի արտացոլանքը» լայնածավալ ցուցահանդեսում ներկայացված են 23 արվեստի գործ։
Անվանի արվեստագետն, առաջին անգամ, իր աշխատանքներից հինգը նվիրաբերում է Արդի Արվեստի Կենտրոնին, այդպիսով՝ Երևան քաղաքին։ Մեծադիր քանդակները կտեղադրվեն Մաշտոցի պողոտա և Սարյան փողոց հատվածում՝ «Արվեստի խաչմերուկում»՝ համալրելով Արդի Արվեստի Կենտրոնի հավաքածուն։
Ռոզա Գիսլադոտիրը միջազգային փորձառությամբ արվեստագետ է, որի ստեղծագործությունները ներկայացվել են հեղինակավոր հարթակներում․ Հռոմի Տրայանոսի շուկա, “Ásmundarsafn” և «Էյնար Յոնսոն» և Կոպավոգյուրի արվեստի թանգարաններ։
«Ժամանակի արտացոլանքը» իսլանդական արդի արվեստը ներկայացնող լայնածավալ ցուցահանդեսի իրականացումը Հայաստանում՝ տարածաշրջանում կարևոր քայլ է հայ-իսլանդական արվեստային համագործակցության զարգացման գործում։
Այն հանդիսանում է Հայաստանում և տարածաշրջանում իսլանդական արդի արվեստի զարգացման միտումները ներկայացնող առաջին լայնածավալ նախագիծը։
Գիսլադոտիրն ասում է, որ վերջին տարիներին նա ավելի ու ավելի է դիմում գլոբալ թեմաներին՝ բնապահպանական ճգնաժամերից մինչև մարդկային հակամարտություններ: «Կա մեկ նախագիծ, որը արթնացնում է այն գաղափարը, որ մենք ապագայի մասունքներ ենք: Ես մտածում եմ այն մասին, թե ինչպես է մարդկությունն իրեն ընկալում որպես ամբողջություն: Բոլոր մարդիկ, ամբողջ աշխարհը: Եվ թե ուր ենք մենք գնում»,-հավելում է նկարչուհին:
«ՀայԱրտ» կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սոնա Հարությունյանի խոսքով՝ ցուցահանդեսի ամենակարևոր կողմերից մեկը նկարչուհու կողմից իր հինգ աշխատանքների նվիրաբերումն է Ժամանակակից արվեստի կենտրոնին, որը հետագայում կընդլայնի թանգարանի հավաքածուն և կցուցադրվի քաղաքում։
Նա նաև նշեց, որ Ռոսի Գիսլադոտիրի ցուցահանդեսը կլինի իսլանդական ժամանակակից արվեստը տարածաշրջանում ներկայացնող առաջին խոշոր նախագիծը, և որ Հայաստանի և Իսլանդիայի միջև համագործակցությունը կարող է նոր մշակութային երկխոսության սկիզբ դառնալ երկու երկրների միջև։
Իսլանդացի անվանի արվեստագետի «Ժամանակի արտացոլանքն» առաջին անհատական ցուցահանդեսի իրականացմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել Երևանի քաղաքապետարանը, Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը և Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը։
Ցուցահանդեսը կգործի մինչև ս․թ․-ի օգոստոսի 11-ը։




















