top of page

«Ժողովուրդ». Նախաքննական մարմինը պատրաստվում է դիմել դատարան. ով է գործը քննող դատավոր Ամիրյանն ու ինչ է հայտարարագրել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 4 hours ago
  • 2 min read
ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես երեկ հայտնել էինք, նոյեմբերի 18-ին լրանալու է գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքի ժամկետը։

ArmLur.am-ին երեկ հայտնի էր դարձել, որ նախաքննական մարմինը ներքին հրահանգ է տվել՝ սահմանված ժամկետի լրանալուց յոթ օր առաջ միջնորդություն ներկայացնել դատարան՝ խափանման միջոցը երկարաձգելու վերաբերյալ։ Ասել է թե՝ նախաքննական մարմինը ներկայում պատրաստվում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու մասով դիմել դատարան։


Սամվել Կարապետյանի գործը քննվում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ կազմի դատավոր Կարեն Ամիրյանի վարույթում։

Մինչ այս պաշտոնը զբաղեցնելը Ամիրյանը 2019 թվականին եղել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչությունում՝ նախ որպես ավագ դատախազ, ապա 2021 թվականի ապրիլից՝ որպես վարչության պետի տեղակալ:

Համաձայն 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ դատավորը ունի 2 անշարժ ցույք՝ 1 բնակարան ձեռք բերված 2019 թվականին եւ 1 ավտոկայանատեղի ձեռք բերված նույն տարում, Արաբկիր վարչական շրջանում։

2019 թվականը բարեբեր տարի է եղել նախկին ավագ դատախազի համար. նա նաեւ մեքենա է ձեռք բերել՝ Nissan մակնիշի։

Դատավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 308 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 8,5 մլն դրամ։

Կարեն Ամիրյանը հաշվետու տարվա ընթացքում ստացել է 23 մլն 978 հազար դրամ եկամուտ 13 աղբյուրից։

5 աղբյուրից ստացել է աշխատանքի վարձատրություն. Դատական դեպարտամենտից՝ 13 մլն 958 հազար դրամ, Սլավոնական համալսարանից՝ 18 հազար 750 դրամ, Արդարադատության ակադեմիայից՝ 87 հազար 114 դրամ, ԵՊՀ-ից՝ 1 մլն 596 հազար դրամ, Եվրասիա միջազգային համալսարանից՝ 43 հազար 725 դրամ եւ նույն համալսարանի Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացել է 48 հազար 750 դրամ։

Դատավորը ԿԳՄՍ նախարարության բարձրագույն գիտության եւ կրթության կոմիտեից ստացել է 38 մլն 500 հազար դրամ։

Փաստաբանների պալատից ստացել է 710 հազար 329 դրամ, ֆինանսների նախարարությունից՝ գրեթե 1,4 մլն դրամ։

Արդարադատության ակադեմիայից, Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից Կարեն Ամիրյանը ստացել է 300 հազար դրամ եկամուտ։

Ֆինանսական միջոցներից 5 մլն 790 հազար դրամը վարկեր են «Էվոկաբանկից» եւ «Կոնվերս» բանկից։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 51 մլն 657 հազար դրամ։

Այս բաժնից պարզ է դառնում, որ դատավորը ունի երկու բնակարան։ Մասնավորապես՝ 4 մլն 268 հազար դրամի հիփոթեքային վարկը տրամադրվել է «Պետական ծառայողներին մատչելի բնակարանով ապահովման» ծրագրի շրջանակում՝ բնակարան եւ ավտոկայանատեղի ձեռք բերելու համար, իսկ 40 մլն 906 հազար դրամը կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարանի հիփոթեքի մայր գումարն է»։

bottom of page