Բագրատ Սրբազանի պատերազմական օրերի հիշեցումը մեսի՞ջ էր Քյարամյանին, թե՞ զուտ տեղեկություն. ինչ իրադարձություններ են եղել 2020թ. հոկտեմբերի 18-20-ին
Մայիսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակին նվիրված՝ Քաջարանում տեղի ունեցած արտագնա նիստում Կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը չի շրջանցել 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերը:
«Այսօր կարող ենք արձանագրել, որ իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքներով, բոլոր ուղղություններով, պարզվել են ծավալված մարտական գործողությունների հիմնական փաստական և արարքներին իրավական գնահատական տալու համար անհրաժեշտ բոլոր էական հանգամանքները, և նախաքննությունը մոտենում է ավարտական փուլին»,- իր ելույթում նշել է Արգիշտի Քյարամյանը:
Ընթացիկ տարվա սկզբին ՔԿ նախագահը հայտարարել էր՝ ընդհանուր իրավիճակը կամ պատկերը գրեթե բոլոր ուղղություններով պարզ է իրենց համար, և, որ «պարտության պատճառներ ասվածը ոչ միանշանակ հասկացություն է, և 1, 2, 3 և նույնիսկ 10 հանգամանքից կախված չէ»:
«Կան հանգամանքներ, որոնք նպաստել են պարտության վրա հասնելուն, կան անձինք, որոնց գործողությունը կամ անգործությունն է նպաստել պարտության վրա հասնելուն: Եվ ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր պատկերը ՔԿ-ի համար այդ մի քանի հազար հատորից բաղկացած քրեական գործի էջերից ներս, իմ կարծիքով, պարզաբանված և բացահայտված է»,- շարունակել էր Քյարամյանը: