top of page

Ի՞նչ են քննարկել ՔՊ-ի նիստում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ամառային արձակուրդներից հետո հինգշաբթի օրը իշխող ուժը հավաք է անցկացրել՝ նախաձեռնող խմբի նիստ, որին ներկա է եղել նաև Նիկոլ Փաշինյանը։Քննարկել են Գնել Սանոսյանի գործունեությունը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատանքը։

Մինչ արձակուրդն էլ Անահիտ Ավանեսյանի ղեկավարած առողջապահության ոլորտն էր ՔՊ քննարկման օրակարգում:

Մեզ պատմեցին, որ ի տարբերություն առողջապահության նախարարի, Սանոսյանի նկատմամբ ՔՊ-ում հիստերիկ դրսևորումներ չեն գրանցվել։

Հիմնական դժգոհությունը եղել է ասֆալտի որակի հետ կապված: ՔՊ-ականները նախարարից պարզաբանումներ են պահանջել՝ ինչո՞ւ է նոր սարքած ասֆալտի կյանքը մի քանի ամիս տեւում, Սանոսյանը մեղքը բարդել է որակի լաբորատորիաների բացակայության փաստի վրա, խոստացել է՝ առաջիկայում նման լաբորատորիաներ կհիմնվեն, որոնք կվերահսկեն ասֆալտի հումքի որակը։

Դժգոհություն են արտահայտել նաև մարզային տրանսպորտի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը Սանոսյանին փոխանցել է մարզերի բնակիչների՝ իրեն ուղղված բողոքները հաճախակի դարձած հոսանքազրկումների վերաբերյալ։

Սանոսյանը սրա տակից էլ է դուրս եկել, ասել է, որ կայանները հին են, մաշված, նախկինում գրեթե չեն փոխվել, դրանք ամբողջությամբ փոխելու ենթակա են, բայց ծավալներն այնքան մեծ են, որ օրական պլանը կիսով չափ է կատարվում:

Փոխարենը աչքալուսանք է տվել, որ Հայաստանում արևային կայանների աշխատանքի արդյունքում այս տարի Ռուսաստանից 10 տոկոսով քիչ գազ ենք ներմուծել։

Ի դեպ, ըստ մեր աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը նիստին անտրամադիր է եղել, հոգնած և գրեթե չի շփվել թիմակիցների հետ»։

Մանրամասները՝ թերթի համարում։

1/1871
bottom of page