«Ժողովուրդ». Ինչո՞ւ վարչապետի կնոջը չեն հարցաքննել
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով:
Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթին հաստատել էր փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ հայտնելով, որ նախաքննության ավարտ է հայտարարվել, ու գործն ուղարկվել է դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Գործը դատարանում է, Կենտրոնի նստավայրում կայացել էր դատական նիստը:
Մենք հայտնել էինք, որ միակ մեղադրյալը 67 տարեկան պապիկ, ԱԺԲ անդամ Տիգրան Դերմոյանն է: Նա շարունակում է մնալ միակ մեղադրյալը, ու գործը գնում է դատարան, տեսնենք, թե ինչ կլինի այնտեղ:
Հիշեցնենք, որ 2024թ. ապրիլի 24-ին՝ «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամները բղավել էին՝ «դավաճան», «հողատու»: Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր:
Արդյունքում՝ մի խումբ անձանց կողմից առերեւույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, եւ հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Ժողովուրդ» օրաթերթը դատական նիստից հետո հարց ուղղեց գործով դատախազին, թե ինչու միայն թիրախավորեցին 67-ամյա պապիկին եւ ինչու, ի վերջո, վարչապետի կնոջը չեն հարցաքննել:
Ի պատասխան՝ դատախազը պարզապես հեգնական ներողություն խնդրեց ու շտապեց դուրս գալ դատարանի շենքից՝ այդպես էլ մեր հարցին պատասխան չտալով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում