2026-ը Փաշինյանի վերջին շանսն է՝ քաղաքակիրթ հեռանալու․ դատելով իշխանության ագրեսիվ վարքագծից՝ Փաշինյանը այդ շանսից օգտվել չի պատրաստվում․ Սուրենյանց
- Elen Hovsepyan
- 18 hours ago
- 1 min read
2026-ը Փաշինյանի վերջին շանսն է՝ քաղաքակիրթ հեռանալու․ դատելով իշխանության ագրեսիվ վարքագծից՝ Փաշինյանը այդ շանսից օգտվել չի պատրաստվում։
Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
««Եթե այս ուրբաթ լինեն ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագիրը» կհաղթի՝ հավաքելով 50+1%»,- ասել է Ալեն Սիմոնյանը: Ինչքան էլ այս հայտարարությունն իրականությունից կտրված լինի, թվում է սովորական կառավարող կուսակցության համար, որը վերարտադրվելու մոլուցք ունի: Սակայն ավելի շատ տպավորություն է, որ Սիմոնյանը փորձել է կոտրել հոգեբանական այն մանթրաժը, որում հայտնվել են իր կուսակիցներն ու ՔՊ համակիրները՝ Գյումրիի ընտրություններից հետո:
Ինչքան էլ Գյումրիի ընտրությունները չեն կարող համապետականի համար մոդել հանդիսանալ, անհայտ է, որ դրանք առնվազն ցայտուն դարձրեցին, որ ՔՊ-ն 50+1% հավաքելու իրական հնարավորություն այլևս չունի, ավելին՝ խորհրդարանում կամ որևէ ավագանիում հայտնվելու է «անպատվաբեր մենության» մեջ՝ պսևդոարևմտամետների կանխատեսելի ֆիասկոյի պայմաններում: Այնուամենայնիվ, ինչի՞ վրա է Փաշինյանի կամ ՔՊ հաշվարկը: Այն «հետևողականությունը», որով վերջին օրերին խրախուսվում է յուրայինների խուլիգանությունը՝ հուշում է, որ Փաշինյանը չի բացառում անգամ էլեկտորալ «հեղաշրջման»՝ ընտրությունների կեղծման հնարավորությունը: Մյուս կողմից, հնարավորինս գեներացվելու է հակառուսական նարատիվը:
Պատահական չէ, որ Արսեն Թորոսյանը հայտարարում է՝ Մոսկվայից փորձում են համակարգված ազդել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա: Իշխանական պատգամավորը որպես հիմնավորում կրկնել է այն, ինչ երեկ նաև Ազգային ժողովի նախագահն էր ասել, թե Ռուսաստանի կենտրոնական իշխանությունն այդ նպատակին հասնելու համար Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում:
2026-ը Փաշինյանի վերջին շանսն է՝ քաղաքակիրթ հեռանալու: Դատելով իշխանության ագրեսիվ վարքագծից՝ Փաշինյանը այդ շանսից օգտվել չի պատրաստվում: Բայց դրանից իշխանության մնալու նրա շանսերը չեն ավելանում, փոքրանում է Փաշինյանի անցնում հեռանալու հնարավորությունը»,-գրել է նա։