top of page

Տիգրան Ավինյանի հովանու ներքո է տեղի ունենում, դրա համար դատախազությունը գործին ընթացք չի տալիս. Արթուր Չախոյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

Ակնհայտ է, որ մարդիկ զբաղված են հողազավթմամբ, ու Երևանի քաղաքապետարանը աչք է փակում դրա վրա: Այս մասին դատախազության դիմաց լրագրողներին ասել է ակտիվիստ Արթուր Չախոյանը՝ Նոր-Նորք վարչական շրջանում ապօրինի համայնքային գույքը հափշտակելու վերաբերյալ ակցիա իրականացնելու շրջանակներում:

«Համայնքին հասցվել է մոտ 500,000-700,000 դոլարի վնաս: Դեպքերը հաստատվեցին թե իրավապահ համակարգի, և թե քաղաքապետարանի կողմից, այն դեպքում՝ երբ քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատրաստվում էր ինձ դատի տալ՝ զրպարտության մեղադրանքով: Ես վստահաբար կասկածում եմ Տիգրան Ավինյանին, քանի որ ըստ մամուլում տարածված տեղեկատվության՝ նա հանդիսանում է այդ անձանց մտերիմը, ինչի արդյունքում Երևանի քաղաքապետարանը անգործություն է ցուցաբերում ու սուտ պաշտոնական տեղեկատվություն է տրամադրել, որի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, բայց դրանից ևս մեծ սպասելիքներ չունեմ:

Ուրիշ դեպքերում, երբ մարդիկ դիմում են դատարան՝ ինքնակամ շինությունը օրինականացնելու համար, դատարանի ընթացքի ժամանակ քաղաքապետարանը գնում ու քանդում էր: Ակնհայտ է, որ այս ամենը բարձրաստիճանների հովանու ներքո է տեղի ունենում: Եթե դնենք հաշվենք՝ մոտ 1 միլիոն դոլարի հողազավթման դեպք է արձանագրվել:

Այս ամենը ակնհայտ ծածկադմփոց է, մարդը կա, դեմքը կա, իր անձը հայտնի է, բայց գործի նյութերում դառնում են «անհայտ անձինք»: Տեսանյութ եմ տվել, տեսանյութը գործերի նոյւթերին չեն կցում, ու ասում են, որ չկա: Դատախազությունից նամակ եմ ստանում, նամակը՝ պատռված վիճակում: Նշանակում է, դատախազությունից դուրս գալուց կարդացել, պատռել, նոր են ուղարկել: Սա խայտառակություն է, դատախազություն եմ դիմել՝ իրենք են հսկողը, ոստիկանությունը տեղյակ է, դատախազությունը ևս, այլ կառույցների դիմելու իմաստ չեմ տեսնում:

Ես սադրիչ միջոցների չեմ գնում, պարզապես հնչեղություն եմ տալիս այս ամենին՝ հույս ունենալով, որ նախընտրական շեմին ամոթի զգացողություն կունենան, ու իրավական պատշաճ ընթացք կտան»,- նշել է նա:

Նշենք, որ նախկինում Արթուր Չախոյանը ահազանգել էր, որ «թաղապետարանի քթի տակ առանց շինթույլտվության մեծ շուկա են կառուցելու»: Ըստ Չախոյանի՝ մասնավորը հենց համայնքին պատկանող հողի վրա է շուկան կառուցում:

 
 
bottom of page