top of page

Կյանքը տենց դաժան բան ա. ես այն ժամանակ բանտում էի, նամակ էի գրել Սաակաշվիլիին, հիմա ինքն է բանտից ինձ գրում. Փաշինյան

Տեսնում եք՝ կյանքն ինչ բան է, ես այն ժամանակ բանտում էի, նամակ-ուղերձ էի գրել Սաակաշվիլիին, հիմա ինքն է բանտից ինձ գրում: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ դեռեւս 2009-ին ինքը բանտից նամակ-ուղերձ է հղել Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին:

«Կյանքը տենց դաժան ու հետաքրքիր բան է, էն ժամանակ իմ մտքով կանցնե՞ր, որ գալու է մի օր, որ ինչպես ես եմ բանտից իրեն գրում, ինքն է ինձ բանտից ինձ գրելու»,-ասաց նա:

Լրագրողը երկար ընթերցեց այդ նամակից որոշ հատվածներ, որտեղ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Սաակաշվիլիին հրաժարական տալ՝ նշելով. «Իշխանությունը պետք է իրեն պարտված ճանաչի հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար»:

«Հնարավո՞ր է, որ դուք հետեւեք ձեր կոչին, հորդորին, որով դիմել էիք Վրաստանի նախագահին եւ հեռանաք»,- հարց ուղղեց լրագրողը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես դա արդեն արել եմ: Այդքան փոքր բա՞ն է 2021-ի իմ հրաժարականը, արտահերթ ԱԺ ընտրություն անելը, այդ ընտրությունների մրցակցային, ազատ ու արդար համարվելը:

Դուք կարող եք տալ երկրորդ հարցը, ասեք՝ շատ լավ, հրաժարական տվեցիր, քո ասածը առաջին մասով արեցիր, բա հետո ինչո՞ւ մասնակցեցիր ընտրություններին: Դրան էլ տասնյակ անգամ տվել եմ պատասխան: Այն ժամանակ իրադրությունն այնպիսին էր, որ քաղաքական ուժերի մի մասը ասում էր, որ պետք է իշխանությունը փոխանցես մեզ: Ես ասում էի՝ ես չեմ կարող իշխանությունը փոխանցել որեւէ մեկին, որովհետեւ ես իշխանության տերը չեմ: Այդ իշխանությունը անտեր չի, որ ով գա կանգնի դռան մոտ ասի՝ իշխանությունը տուն, ասենք՝ հեսա, տալիս ենք: Իշխանությունը տեր ունի եւ ես հրաժարական տալով իշխանությունը վերադարձնում եմ ժողովրդին, եւ ես գնացել եմ ժողովրդի առաջ կանգնել եմ, ասել եմ՝ ես պարտության պատասխանատուն եմ:

Ես ասել եմ՝ ժողովուրդ ջան, դատիր ինձ, եթե որոշես, որ ինձ պետք է գնդակահարես, ես անմռունչ կկանգնեմ գնդակահարության պատի տակ»:

Հաջորդ հարցին, թե դեռ որքա՞ն տարածքներ է պատրաստվում զիջել Ադրբեջան, զիջումները որտե՞ղ է կանգ առնելու, վարչապետը պատասխանեց. «Հայաստանի ինքնիշխան տարածքից ոչ մի մետր պատրաստ չենք զիջել:

Այն դիրքորոշումները, որ արտահայտում եմ, այդ թվում սահմանազտաման գործընթացի հետ կապված, արդյոք պատճառն այն է, որ մտածում եմ՝ ես երկիրը մեր թշնամին է, հլը նայենք, տեսնենք, էլ ինչ կարանք զիջենք: Ոչ, ուղիղ հակառակն է: Դուք խոսում եք աքսիոմներով, որովհետեւ ձեզ համար կա ակնհայտ ճշմարտություն, որ սա դավադիր, դավաճան իշխանություն է, որը եկել է հողերը հանձնի:

Մենք ձեր աքսիոմները դարձնում ենք թեորեմ, ասում ենք՝ ինչ է տեղի ունենում, եւ ինչ պետք է անել, որպեսզի կանգնեցնենք այդ պրոցեսը: Ինչ պետք է անել, որ ՀՀ խոցելիության խպրոցեսը կանգնեցնել եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանել: Դրա համար պետք է դիրքորոշումները հենել լեգիտիմության խնդրի վրա»:

bottom of page