top of page

Երեխաներին կարող ենք ցույց տալ գիտության կապը կյանքի հետ. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գիտության շաբաթվա մեկնարկին

Նախարարն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտիե նախագահ Սարգիս Հայոցյանի և միջոցառման կազմակերպիչների հետ շրջել է տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ:

Գիտության շաբաթը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ: Հոկտեմբերի 1-6-ն անցկացվելիք «Գիտության շաբաթ» ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք բազմաձևաչափ միջոցառումներ՝ «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը» խորագրի ներքո, որը ևս մեկ անգամ ընդգծում է համատեղ ջանքերը՝ գիտությունը և տեխնոլոգիաները Հայաստանում դարձնելու առաջնահերթություն և զարգացման գլխավոր գործիք։

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է գիտության հանրայնացմանն ուղղված հարթակի ձևավորումը, որի շնորհիվ դպրոցահասակ երեխաներն ու գիտությամբ հետաքրքրված բոլոր անձինք կարող են ծանոթանալ գիտությանը և հետազոտությունների հեռանկարային ուղղություններին, որոնք կարող են նպաստել թե՛ մասնագիտական կողմնորոշմանը, թե՛ տեսանելի դարձնել գիտության ձեռքբերումներն ու գիտության ոլորտում եղած զարգացումները:

«Ազատության հրապարակն այս օրերին շնչելու է գիտությամբ. ուրախ եմ, որ այն մեծ հետաքրքրություն է առաջացնում քաղաքացիների շրջանում: Հուսով եմ՝ գիտության շաբաթվա ընթացքում մեր դպրոցները շատ ակտիվ կլինեն: Նախատեսել ենք, որ բոլոր սովորողները կկարողանան դասերից հետո գալ այստեղ և ծանոթանալ ներկայացված հետաքրքիր բովանդակությանը: Անկախ նրանից, թե որքան բարդ թեմաների է անդրադառնում հետազոտությունը, մեր գիտաշխատողներն ու հետազոտողները գտել են այդ մասին երեխաների հետ հասկանալի և մատչելի խոսելու ձևն ու լեզուն, որը շատ կարևոր է: Մենք երեխաներին կարող ենք մոտեցնել գիտությանը, եթե կարողանանք նրանց ցույց տալ գիտության ու հետազոտության ուղիղ կապը կյանքի հետ: Այս տաղավարներում առաջին հերթին այդ կապն է բացահայտվում»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Գիտուժ» նախաձեռնության աշխատանքների համակարգող Լիլիթ Մարգարյանը տեղեկացրել է՝ Ազատության հրապարակում անցկացվելիք փառատոնին զուգահեռ Երևանի և ՀՀ բոլոր մարզերի մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում անցկացվելու են ապակենտրոնացված միջոցառումներ: Դրանց շրջանակում մանկապարտեզների ու դպրոցների սաները հնարավորություն կունենան մասնակից դառնալու բազմապիսի գիտափորձերի ու խմբային նախագծերի, որոնք ներառելու են գրեթե բոլոր գիտակարգերը, իսկ բուհերի ուսանողների համար միջգիտակարգային համագործակցության շրջանակում կազմակերպվելու են դասախոսություններ ու սեմինարներ։

Գիտության փառատոնը բաղկացած է թեմատիկ 3 մասերից: Առաջին մասը կանցկացվի հոկտեմբերի 1-2-ը և կկրի «Գիտությունն ամենուրեք է» խորագիրը, երկրորդը մասը տեղի կունենա հոկտեմբերի 3-4-ը՝ «Մասնագիտական կողմնորոշում» թեմայով, իսկ երրորդ մասը կկրի «Գիտական ֆանտաստիկա» խորագիրը և կանցկացվի հոկտեմբերի 5-6-ը:

Գիտության շաբաթը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է համազգային մակարդակով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել վերջիններիս անփոխարինելի դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել հրապուրիչ երիտասարդների համար, ինչպես նաև խթանել քննադատական մտքի զարգացումը:

1/1816
bottom of page