Լավ, բա դու ո՞վ ես, եթե լինելով երկրի ղեկավար մարդկանց սպառնում ես պատերազմով. Բագրատ Սրբազան
Ինչպես Տավուշի համար եմ ասել, այնպես էլ Մեղրիի համար եմ ասում՝ սա մեր հայրենիքի դարպասն է: Այս մասին Մեղրիում բնակիչների հետ հանդիպմանն ասաց Բագրատ Սրբազանը։
«Ընդամենը 4 տարի առաջ այս դարպասները շատ ավելի լայն ու երկար էին: Այն աղետը, այն հայրենահանձնումը, որը տեղի է ունենում Տավուշում, շատ շուտով հասնելու է նաև Սյունիք, Գեղարքունիք և Արարատ։ Մեր շարժման բուն ծագումը տեղի է ունեցել հայրենահանձնումը կասեցնելու համար»,- ասաց նա։
Նրա խոսքով`գործ ունենք մի ահռելի պետական կեղտոտ ապարատի դեմ, որի երազանքը փողն է ու պաշտոնը, իսկ ամենամեծ գործիքը՝ սուտն ու կեղծիքը:
«Որքան սուտը շատանում է, այնքան մեր հայրենիքը փոքրանում է։ Այս պայքարն իշխանափոխությունից ավելին է, իշխանափախությունն ընդամենը մի փոքրիկ բաղադրիչ է, մեր պայքարն արժեքների փոփոխության մասին է, մարդկանց վերադարձնելու հաշտության, արդարության ու ճշմարտության»,- ասաց նա։ Սրբազանը շեշտեց, որ որեւէ հանգրվանում, երբ ժողովուրդը ընդդիմանում է, երկրի ղեկավարը սպառնում է պատերազմով:
«Երբ որևէ հանգրվանում մենք ասում ենք «ո՛չ», այս մարդը սպառնում է պատերազմով։ Լավ, բա դու ո՞վ ես, եթե լինելով երկրի ղեկավար մարդկանց սպառնում ես պատերազմով։ Բա քո կոչումն ու պաշտոնն ի՞նչ է: Այդ պատերազմը կանխելն ու այդ մարդկանց պաշտպանելը չէ՞, դրա համար չե՞ն քեզ ընտրել։ Թե՞ մեքենա նստելու ու պտտելու, հեռախոսով կեղծ պատկերներ ցույց տալու, հեծանիվ քշելու, ֆուտբոլի դաշտի ցանցերը նայելու, բասկոտբոլի շիթը ստուգելու համար են ընտրել»,- նշեց Բագրատ Սրբազանը: