top of page

Պապոյանը քիչ էր մնում սխալ հաներ Նիկոլ Փաշինյանին ու նրա ամբողջ կառավարությանը

Նիկոլ Փաշինյանի նշանակած էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կրակն է ընկել Նիկոլ Փաշինյանի կառավարության մոգոնած որոշումների և իրենից առաջ եղած նախարար Վահան Քերոբյանի տապալված հայտնագործությունների ձեռքը։

Փաշինյանը երեկ անդրադարձավ, իհարկե, իր կառավարության օրոք 2019 թվականին ստեղծված և հինգ տարի անց՝ 2024 թվականին լուծարված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի լուծարմանն ու ԱՆԻՖ-ի կողմից ստեղծված «Ֆլայ Առնա» իբրև թե ազգային ավիափոխադրողի տապալմանը, բայց այդպես էլ հստակ բան չասաց՝ ով էր մեղավոր ԱՆԻՖ-ի լուծարման և հսկայական գումարներ քամուն տալու մեջ, կամ ինչպե՞ս եղավ, որ այդպես եղավ։ 

Այսօր նույն թեմայով MediaHub-ը հետաքրքրվեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից, թե ի՞նչ կարող է ասել ԱՆԻՖ-ի լուծարման մասին։ 

«Այն մասով, որ կան չարաշահումներ, պետք է կրեն, չպետք է կրեն, եթե կան չարաշահումներ, ապայման պետք է կրեն, էդտեղ հարց չկա։ Իսկ քաղաքական տեսանկյունից, թե ինչպիսին է էկոնոմիկայի նախարարը տեսնում համակարգը, և, օրինակ, այդպիսի ֆոնդեր մեզ պե՞տք են, թե՞ չէ՝ ոչ, այդպիսի ֆոնդեր մեզ պետք չեն»,- ասաց Պապոյանը՝ փաստացի սխալ հանելով ԱՆԻՖ-ի ստեղծումը։ 

Հետո սկսեց երկար-բարակ ինչ-որ գյուղատնտեսական ծրագրերից ու ինտենսիվ այգիներից խոսել՝ որպես օրինակ բերելով, թե որ քաղաքականությունն է ավելի արդյունավետ ու դա փորձեց պրոյեկտել ԱՆԻՖ-ի նման ծրագրերի իրականացման վրա։ Պապոյանին հիշեցրինք, որ իրենց նախարարության ներքո բազմաթիվ ծրագրեր, փաստացի, տապալվեցին, ու թվարկեցինք՝ լաստանավի ծրագիր, որը նորմալ չաշխատեց ու փակվեց, չոր նավահանգստի ծրագիր, որը դեռ կյանքի չի կոչվել ու հայտնի չէ՝ իրականություն կդառնա՞, թե՞ ոչ, դրանից առաջ նույն էկոնոմիկայի նախարարությունն ու իրենց ամբողջ կառավարությունը խոսում էին տարբեր գործարանների բացման մասին, օրինակ՝ Չարենցավանում վերելակների գործարանի կառուցման, Մերձավանում էլեկտրատեխնիկայի գործարանի, որի բացումը եղավ ու մեկ օր հետո փակվեց՝ արտադրանք չտալով, Սեպուհ 1-ը, որը լաստանավի և մյուսների նման՝ Վահան Քերոբյանի գովազդած ծրագրերից էր, ու սրանք բոլորը, փաստացի, ԱՆԻՖ-ի նման, տապալվեցին։

Բայց Պապոյանը չկարողացավ ուղիղ ասել, որ ԱՆԻՖ-ը, դրա շրջանակներում «Ֆլայ Առնայի» ստեղծումն ու մյուսները տապալվել են, որքան էլ որ պնդեցինք՝ տապալվե՞լ են, թե՞ ոչ։ Ի վերջո, եթե խոստովաներ, որ տապալվել են, կստացվի՝ խոստովամում է, որ իր ներկայացրած կառավարությունն այս ընթացքում միայն տապալված ծրագրեր է կյանքի կոչել, այսինքն՝ անհեռատես ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերել պետության կողմից իրականացվող ծրագրերի հարցում, իսկ հակառակն էլ չի կարողանում պնդել, որովհետև այդ տապալումները հանրության աչքի առջև են՝ այդ գործարանները, ֆոնդերն ու նավահանգիստները փաստացի չկան, չեն գործում։ Պապոյանի միակ «արգումենտն» այն էր, որ այդ ծրագրերը իրենց ժամանակի համար, օրինակ՝ քովիդից հետո «Ֆլայ Առնա» ավիաընկերության ստեղծումը, խիստ անհրաժեշտ էր, որովհետև շուկան բաց էր և ազգային ավիաընկերության կարիք կար։

Բայց Պապոյանը չկարողացավ բացատրել, թե ինչպես եղավ, որ շուկան լցվելուց հետո «Ֆլայ Առնան» չկարողացավ իր գոյությունը պահպանել, իսկ մյուս հայկական ավիաընկերությունները շարունակեցին աճել ու զարգանալ։ Կարճ ասած՝ Պապոյանը ստիպված էր այսօր պատասխան տալ իր նախորդների ու նաև իր ամբողջ թիմի կատարած սխալ ու անարդյունավետ որոշումների համար, բայց բավարար համարձակություն և քաղաքական անկախություն չուներ՝ հստակ գնահատականներ հնչեցնելու։ 

Վահե Մակարյան

1/2033
bottom of page