Կարո՞ղ է Հայաստանը ԵԱՏՄ-ում քննարկել Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ԵՏՀ կարգերը
- 10 hours ago
- 1 min read

Ռուսաստան հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների պատճառով արդիական է դարձել Հայաստանի իշխանությունների կողմից այդ որոշման քննարկման տարբերակների հարցը։
Քննարկումները կարող են անցկացվել ինչպես երկկողմ՝ հայ-ռուսական մակարդակով, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, առավել ևս, որ ԵԱՏՄ-ում գործում է կարգ, որով միության երկրները կարող են բարձրացնել փոխադարձ առևտրում սահմանափակումների թեման (Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների որակավորման մեթոդաբանություն):
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ նշված հարցի շուրջ բանակցություններն ընթանում են տարբեր ձևաչափերով, որոնց մասին տեղեկատվությունն այս պահին հրապարակման ենթակա չէ։
Այս համատեքստում հիշեցնենք, թե բանակցությունների համար ինչ հնարավորություններ է ընձեռում Եվրասիական տնտեսական միությունը՝ ըստ վերը նշված մեթոդաբանության։
ԵԱՏՄ անդամ ցանկացած երկիր, ինչպես նաև միության երկրների մասնավոր ձեռնարկությունները կարող են բարձրացնել միության մյուս երկրի (երկրների) կողմից կիրառվող առևտրային արգելքի թեման։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ՝ ԵԱՏՄ գործադիր մարմինը) կարող է և՛ արձագանքել դիմումներին, և՛ ինքնուրույն մոնիտորինգ անցկացնել։ Այս հարցերը քննարկում է ԵՏՀ ներքին շուկաների և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարարը (ներկայում այդ պաշտոնը զբաղեցնում է Վարոս Սիմոնյանը)։ Դիմումն ուղարկվում է ԵՏՀ պատկան ստորաբաժանումներ։ Եթե դիմումում բավարար տեղեկատվություն է հայտնվում, որը ցույց է տալիս հնարավոր խախտումը՝ հարցն ընդունվում է ուսումնասիրության:




















