Փոքրիկ խմբակին մնացել է 86 օր. 86 օր հետո ՀՀ–ում չեն լինելու քաղբանտարկյալներ. Ակցիա՝ կառավարության դիմաց
- 2 hours ago
- 2 min read

Մենք այսօր գտնվում ենք մի իրավիճակում, երբ Հайастанում ամեն ինչ որոշվում է ոչ թե օրենքի շրջանակում, այլ մի մարդու կամայական որոշումների արդյունքում։ Այս մասին, այսօր՝ մարտի 13–ին, կառավարության շենքի դիմաց ի աջակցություն Սամվել Կարապետյանի կազմակերպած ակցիայի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։
«Հայաստանի բանտերը լեցուն են քաղբանտարկյալներով, շատերը գտնվում են տնային կալանքի տակ, ու այս ամենը խոսում է մի բանի մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառապես գործում է իր վախի շրջանակներում և վախենալով մարդկանցից, վախենալով իր աթոռը կորցնելուց՝ զրկում է մարդկանց խոսելու իրավունքից։
ՀՀ-ում 86 օր հետո չի լինելու ոչ մի քաղաքական բանտարկյալ, սա մենք վստահեցնում ենք։ Հունիսի 8-ից հետո ՀՀ քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում, որտեղ հարգված են լինելու մարդու բոլոր իրավունքները, որտեղ մարդիկ չեն դատապարտվելու իրենց կարծիքը արտահայտելու համար, որտեղ ոչ ոք իրավունք չի ունենալու նսեմացնել Հայ Առաքելական եկեղեցին և մեր հոգևոր այրերի պատիվն ու արժանապատվությունը։
Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր», հայտարարեց Միքայելյանը։
Նա հավելեց, որ այսօր հավաքվել են այստեղ պահանջելու ՀՀ-ի վարչապետի աթոռը զբաղեցնող անձին վերջ տալ «զանգովի» արդարադատությանը, անօրինական գործողություններին. «Պահանջում ենք, որպեսզի Կառավարության անդամներից մեկը իջնի ներքև, մենք նրան բան ունենք փոխանցելու»,- ընդգծեց Միքայելյանը:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ, մի խումբ քաղաքացիներ, համակիրներ ու աջակիցներ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, Երևանի կենտրոնում բողոքի ակցիաներ են իրականացնում. Նրանք շրջում են քաղաքով՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին» վանկարկումներով ու պաստառներով:
Հիշեցնենք, որ այսօր՝ Սամվել Կարապետյանի դատական նիստի օրը, մայրաքաղաքի ամբողջ տարածքով` քաղաքի ամենատեսանելի հատվածներում, տարածվում են «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» մեծ պաստառներ: Նշենք, որ այսօր տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը: Ավելի վաղ Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ սոցիակական ցանցերում հայտել են, որ այսօր ժամը 15:30-ից լինելու են դատարանի մոտ` Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում:




















