Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը քաոս է առաջացնելու առողջապահության համակարգում․ Անուշ Պողոսյան
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 2 min read

Ես գրեթե համոզված եմ, որ 2026 թվականի հունվարի 1-ից չենք կարողանալու ներդնել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որովհետև շատ լուրջ խնդիրներ կան, որոնք դիտարկված չեն։ Եթե անգամ ներդնեն՝ դա կփոխակերպվի քաոսի առողջապահության համակարգում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը։
«Մասնավորապես, հաշվարկված չէ արտահիվանդանոցային բժշկական օգնության թողունակությունը։ Այսինքն՝ արդյո՞ք նրանք կարող են այդ ծավալի բժշկական սպասարկում իրականացնել, որովհետև ցանկացած դեպքում, եթե ապահովագրությունը ներդնեն, ապա այդ օղակից պետք է գնան դեպի հիվանդանոցները։
Ինչ վերաբերում է հայտարարությանը, թե վճարելու են 500 դրամ, քանի որ 12 000 դրամից 4 500-ը վճարվելու է զինվորի ֆոնդի գումարից, մնացածը՝ սոցիալական երաշխիքով, քաղաքացիները հետ կստանան, եթե հայտարարագրվեն, բայց իրականում, ըստ օրենքի, սոցիալական կրեդիտից մարդիկ կարող են օգտվել տարեկան միայն մեկ անգամ։ Սա նշանակում է, որ եկամտահարկի վերադարձով հիփոթեք ունեցողները չեն կարողանալու դրանից օգտվել։ Սա մեծ մանիպուլյացիա է»։
Նրա դիտարկմամբ՝ իրականում սոցիալական հավասարությունը հաշվի չի առնված, քանի որ 1–2 միլիոն աշխատավարձ ստացողները նույն գումարը կվճարեն, ինչ վճարում են 200 000 դրամ աշխատավարձ ստացող մարդիկ։ «Արդյունքում՝ համակարգը կանգնելու է կոլապսի առաջ։
Ավելին, սա, իհարկե, հարկատեսակ չէ, բայց պարտադիր վճար է դառնում։ Եթե ենթադրենք որոշեին հարկատեսակ սահմանել, ասենք՝ աշխատավարձի 2 % կամ 5 %, ապա սոցիալական հավասարությունը կպահպանվեր, որովհետև 1 միլիոնի 5 %-ը մեկ թիվ է, 200 հազար դրամինը՝ մեկ այլ, բայց այն քաղաքացիները, որոնք չեն վճարի այդ գումարը, կստանան համապատասխան տուգանքների որոշումները»։
Հարցին, թե եթե քաղաքացին չի աշխատում կամ չունի գրանցված աշխատանք՝ չի՞ վճարելու այս վճարը, Պողոսյանը պատասխանեց, որ սա համակարգի ամենամեծ բացն է։ «Իրենք ասում են, որ պետությունը կվճարի մինչև 18 տարեկան երեխաների վճարները, առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամների և 65 տարեկանից բարձր անձանց ապահովագրությունը։ Մնացած խումբը, որը ներառում է 200 000 դրամից բարձր աշխատավարձ ստացողներին, համակարգից դուրս է մնում։ Այդ քաղաքացիները, որոնք չեն ստանում 200 000 դրամ կամ չեն աշխատում, համակարգից դուրս են մնում։ Սա շատ լուրջ խնդիր է, որովհետև քաղաքացիների ամենաանապահով մասը մնալու է ապահովագրությունից դուրս։ Սրա լուծումը դեռ չկա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ վերջին չորս տարվա ընթացքում առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման մի քանի օրենքի նախագծեր են շրջանառության մեջ եղել, որոնք էականորեն տարբերվել են և վերջնարդյունքի չեն հասել։ «Ես վստահ չեմ, որ սա կհասնի վերջնարդյունքի»,- եզրափակեց նա։




















