top of page

Քանի՞ քաղաքացի է բերման ենթարկվել ժամը 17:00-ի դրությամբ

Բագրատ Սրբազանի առաջնորդած երթն այսօր շրջում էր Երևանի փողոցներով, բուհերով՝ կոչ անելով ուսանողներին դասադուլ անել և միանալ իրենց։ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը, ինչպես ինքն է ասում, գույն չունի, բայց այն բոլոր գույների համադրությունն է, որտեղ եռագույնը պետք է հաղթի։ 

Ամբողջ ընթացքում Սրբազանը կոչ էր անում ժողովրդին շատ հանգիստ շրջել և հրահրում չստեղծել։Այդուհանդերձ, կան բերման ենթարկվածներ. ըստ ՆԳՆ–ի՝ այսօր ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 12 քաղաքացի: MediaHub-ին հայտնեցին, որ ժամը 17:00-ի տվյալներով նրանցից մի քանիսին բաց են թողել։ 

Քիչ առաջ ՔԿ-ն տարածել էր հայտարարություն, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից Երևան քաղաքում անցկացվող բողոքի ակցիաների, մասնավորապես երթի ընթացքում մայիսի 10-ին՝ ժամը 12․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից սառը զենք կրելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել ակցիայի երկու մասնակից։

Նշվում է, որ վերջիններիս անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ։

«Պարզվել է, որ վերջիններս Երևան քաղաքի 42-ամյա և 47-ամյա բնակիչներ են, որոնցից առաջինը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել՝ գույքի հափշտակության համար (որոնցից երկուսը՝ ավազակությամբ), իսկ երկրորդը՝ ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Չնայած այս ամենին, Բագրատ Սրբազանը կոչ է արել ժողովրդին 18:30-ին հավաքվել Հանրապետության հրապարակում և քննարկել առաջիկա օրակարգը։ 

Մարիաննա Արամյան

1/1824
bottom of page