Վոյաժների սեզոնը բացվել է․ Ալեն Սիմոնյանը մտերիմների հետ կմեկնի Լյուքսեմբուրգ, հետո էլ՝ Բրյուսել

Ազգային ժողովում գործուղումների անվան տակ շրջագայությունների սեզոնը կարելի է հայտարարել բացված։ ԱԺ նախագահի կարգադրությունների մեջ վերջին օրերին միանգամից երեք գործուղման մասին կարգադրություն կա, որոնցից երկուսը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ։
Մասնավորապես, աշխատանքային այցով 2025 թվականի փետրվարի 6-8-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կմեկնի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ բավականին լայն կազմով։ Ալեն Սիմոնյանից բացի՝ պատվիրակության կազմում են նաև գործուղումների ժամանակ նրա գրեթե հիմնական ու մշտական ուղեկիցներ Հասմիկ Հակոբյանն (ՔՊ-ական պատգամավոր) ու Աշխեն Հայրապետյանը (ԱԺ նախագահի խորհրդական), որոնք Սիմոնյանի մտերիմ թիմամիցներն են, նաև ՔՊ-ական պատգամավորներ Արման Եղոյանն ու Սարգիս Խանդանյանը, ինչպես նաև ԱԺ աշխատակազմից մի շարք մանր ու միջին չինովնիկներ, ընդհանուր՝ 12 հոգի։ Բայց մինչ Բրյուսել մեկնելը Ալեն Սիմոնյանը նախ այդ նույն լայն կազմով փետրվարի 3-5-ը կմեկնի Լյուքսեմբուրգ։
Լյուքսեմբուրգի պատվիրակության կազմում բացակայում է միայն Սարգիս Խանդանյանը, որը նրանց Բրյուսելում է միանալու։ Ու այս ամենը՝ ճանապարհածախս, ներկայացուցչական ծախսեր, օրապահիկ գիշերավարձի գումար, բոլորը պետական բյուջեի միջոցներով, այսինքն՝ մեր հարկերի հաշվին։ Հիմա էլ հարկերն ավելացնում են, որ հպարտ քաղաքացիները էլ ավելի շատ վճարեն Ալեն Սիմոնյանի ու նրա մտերիմների՝ պետության հաշվին շրջագայությունների համար։
Վահե Մակարյան