top of page

Ի՞նչ է լինելու ապրիլից հետո, երբ պետությունն այլևս չվճարի արցախցիներին 40+10 աջակցության ծրագրով

Արցախցիների հարցերով զբաղվող հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը MediaHub-ի հետ զրույցում հաստատակամորեն նշում է, որ ապրիլից հետո որևիցե տեղահանված ընտանիք չպետք է մնա դրսում։ Այդ իսկ պատճառով փորձում է համախմբել իր հայրենակիցներին։ 

«Քանի որ այս պահին 40+10-ին համարժեք փոխարինող որևիցե ծրագիր-առաջարկ չկա, այդիսկ պատճառով ՀՀ Կառավարությունը պետք է ապահովի գործող ծրագրի շարունակականությունը։ Դրան են ուղղված նաև այս ընթացքում ինչպես իմ, այնպեսև՝ տարբեր այլ հասարակական միավորումների և տեղահանվածների խնդիրները բարձրաձայնող անձանց աշխատանքները»,- ասաց նա` հույս հայտնելով որ վերջնարդյունքում կլինի այնպիսի առաջարկ, որը կբավարարի բոլորի առաջնային ֆինանսական կարիքները:

«Նոյեմբերի 30-ին նախանշված հանրահավաքի ձևաչափի փոփոխման այսպես կոչված «գինը» եղել է նաև դա, որ պետք է ծրագրերը լինեն այնպիսին, որ ոչ մի ընտանիք ապրիլից հետո չհայտնվի դրսում: Իհարկե, այս ընթացքում զգացվեց, որ փորձ է արվում արհեստականորեն ակտիվացնելով «հանրային դիսկուրսներ», խնդրով զբաղվող անձանց կամ հանրային-հասարակական միավորումների միջև հակասություններ հրահրելով՝ փորձել այնպես անել, որ որոշման չվերանայման դեպքում չլինի դրան հակադարձող հանրային լայն արձագանք և/կամ միավորում: 

Բայց հիասթափեցնեմ և նշեմ, որ այն, ինչը ձեռք է բերվել փոխըմբռնման արդյունքում պետք է պահվի, ու ապրիլից ևս որևէ տեղահանված ընտանիք չպետք է մնա դրսում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան

1/2033
bottom of page