Փորձ է արվում ԶՈւ-ում արմատական փոփոխությունների գնալ․ մարտունակության թռի՞չք են ենթադրում, թե՞ նպատակ՝ ցույց տալու, որ ՌԴ-ից տարանջատումը նաև անվտանգության ուղղությամբ է
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայտարարությունը` ՀՀ ՊՆ-ում ներկացուցիչ գործուղելու մտադրության վերաբերյալ, կառավարությունից այդպես էլ չպարզաբանվեց, այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Ըստ նրա` ակնհայտ է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան պատահական չբարձրաձայնեց այդ հարցը, ինչը նշանակում է, որ կողմերը դրա հետ կապված քաղաքական որոշում ունեն:
«Հիշեցնեմ, որ ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն էր տեղեկացրել, որ ՀՀ-ում ռազմական կցորդի միջոցով ՀՀ ԶՈւ-ի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու ծրագրեր են նախապատրաստում:
Իհարկե, մեկ բան է ռազմական գործակցության ընդլայնումը ռազմական կցորդի ակտիվ ներգրավածությամբ, մեկ այլ խորություն է ՊՆ-ում ներկայացուցիչ ունենալու հանգամանքը, ինչը, ըստ ամերիկացի դիվանագետի, ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստ է:
Պաշտոնական Երևանը չի շտապում փակագծերն ամբողջությամբ բացել, սակայն ակնհայտ է, որ փորձ է արվում ԶՈւ-ում արմատական փոփոխությունների գնալ, որն ունի և´ գաղափարական, և´ քաղաքական, և´ հայեցակարգային հիմք:
Զուտ ռազմական տեսանկյունից, այս կամ այն մոդելի առումով կողմնորոշումը կամ միտվածությունը դեռ չի երաշխավորում այդպիսի չափանիշներով բանակի ձևավորումը, դրա համար ահռելի աշխատանք և ռազմաքաղաքական ճիշտ, որակյալ ու գրագետ վերանայումներ են ենթադրում, ինչը ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարության պայմաններում բացառվում է:
Երկրորդ, դեռ պետք է հասկանալ՝ առկա քաղաքական համաձայնություններն առաջնային հայկական բանակի մարտունակության թռի՞չք են ենթադրում, թե՞ դա բացառապես աշխարհաքաղաքական նպատակ են ենթադրում` ցույց տալու, որ ՌԴ-ից տարանջատումը նաև անվտանգության ուղղությամբ է, ինչը բևեռային վերանայումների առանցքային բաղադրիչն է»,- նշել է Աբրահամյանը: