Վարդան Հարությունյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումը կբողոքարկի թե՛ դատախազությունը, թե՛ պաշտպանը
- Elen Hovsepyan

- 3 hours ago
- 1 min read

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը բողոքարկելու հարցը կքննարկվի՝ թե՛ դատախազության, թե՛ պաշտպանների կողմից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վարդան Հարությունյանը կալանքի տակ է գտնվում օգոստոսի 8-ից։ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Վարդան Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ երկու ամսով։
Պաշտպան Արմեն Անդրիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ընդգծեց, որ հիմնավոր կասկածը բացակայում է, իսկ եթե դատարանը գտնում է, որ հիմնավոր կասկածն այս փուլում առկա է, ապա առավել մեղմ խափանման միջոցներ կարող էր կիրառվել։ Դատարանի որոշումը ստանալուց հետո պաշտպանության կողմն, ամենայն հավանականությամբ, բողոք կներկայացնի։ Այս ընթացքում Վարդան Հարությունյանի մասնակցությամբ որևէ գործողություն չի իրականացվել։ Ինչ վերաբերում է ՄԻԵԴ ներկայացված դիմումին, ապա Հարությունյանին կալանավորելու առաջին որոշման դեմ արդեն դիմում մուտքագրվել է։ Դատախազությունից ևս «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դատարանի որոշումը ստանալուց հետո կքննարկվի բողոք ներկայացնելու հարցը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին կալանավորվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։ Նրան իրավապահները մեղադրում են ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացմանմեջ, մինչդեռ, մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն արդեն իրականացվել է դեռևս յոթ տարի առաջ և հերքվել։ Մասնավորապես, քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ, սակայն այս ընկերության հետ առնչության վերաբերյալ քրեական գործով 2018թ․ քննություն է իրականացվել և վարույթը կարճվել էր։ Ստացվում է՝ յոթ տարի անց իրավապահները որոշել են նույն կարճված գործի տվյալներով առանձին քրեական գործ հարուցել և հետապնդում իրականացնել։ Քրեական գործով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի՝ խմբի կազմում փողերի լվացման, հակամրցակցային գործունեությանը օժանդակելու և ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք այլ առերևույթ հանցանքների կատարման համար։




















