top of page

Ինչի՞ վրա է հիմնված ամերիկյան լավատեսությունը

Վաշինգտոնը հույս ունի, որ COP 29-ին ընդառաջ Երևանն ու Բաքուն կկարողանան խաղաղության պայմանագիրը ստորագրել, այս մասին ադրբեջանական «Թուրան» գործակալության թղթակցի հարցին ի պատասխան՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով ավագ խորհրդական Թոմ Սալլիվանը, ով մասնակցել է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն բանակցություններին:

Չգիտեմ՝ ինչի վրա է հիմնված ամերիկյան լավատեսությունը, արդյո՞ք կան որոշակի պայմանավորվածություններ, թե՞ Վաշինգտոնի խոսույթում ավելի շատ գերակշռում է քարոզչական բաղադրիչը:

Համենայն դեպս, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Աննալենա Բերբոքի հետ հանդիպմանը կրկին պնդել է ՝ Հայաստանի Սահմանադրությունը և այդ երկրի զինվելը սպառնալիք են խաղաղությանը։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ավելի հեռուն է գնացել՝ պահանջելով Հայաստանի ապառազմականացում:

Ակնհայտ է, որ Բաքվի նման հռետորաբանությունը հնարավոր չի դարձնում խաղաղության պայմանագրի ստորագրումը ոչ միայն մինչև COP 29-ը, այլ նույնիսկ տեսանելի ապագայում:

Իսկ գուցե ԱՄՆ-ը Հայաստանի՞ց է ակնկալում ևս մեկ անգամ իջեցնել նշաձողը հայ-ադրբեջանական հարաբերություններում, օրինակ՝ գրավոր երաշխիքներ տալ, որ Սահմանադրությունը կփոխվի: ՄԱԿ-ի իր ելույթում Փաշինյանը նման ակնարկ արել է:

Վահրամ Բագրատյան

Comments


bottom of page