top of page

«Հրապարակ». Երեք դատավոր կմրցեն մեկ տեղի համար

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 17 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի քրեական պալատում դատավորի մեկ թափուր տեղ կա․ պետք է լինի 6 հոգի, այժմ 5-ն են՝ նախագահ Համլետ Ասատրյանը, Լիլիթ Թադեւոսյանը, Սերժիկ Ավետիսյանը, Հայկ Գրիգորյանը եւ Արթուր Պողոսյանը։ ԲԴԽ-ն պատրաստվում է դիմել ԱԺ՝ թեկնածու առաջարկելով։ Տեղեկացանք, որ 3 թեկնածու կա։

Առաջինը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն է՝ այժմ փաստաբան, նախկին դատախազ Կարեն Բատիկյանի կինը։ Բատիկյանը, հիշեցնենք, մասնակցում էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղի համար մրցույթին, սակայն անգամ առաջին փուլը չհաղթահարեց, բարեվարքության գծով հանձնաժողովը բացասական էր գնահատել։

Երկրորդը Երեւանի դատավոր Նելլի Բաղդասարյանն է, քննել է «գողականների» գործերը՝ կալանքից ազատել է «Լոճո» մականունով գողականին, արդարացրել է քրեական հեղինակություն Նորատուսցի Արային։ 2024-ին եղել է Վճռաբեկի քրեական պալատի դատավորի թեկնածու, սակայն ԱԺ-ն նրան չի ընտրել՝ նախապատվությունը տալով Քննչական կոմիտեի նախկին ղեկավար, ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանին։

Սա Բաղդասարյանի երկրորդ հայտն է՝ նույն պաշտոնում ընտրվելու համար։ Երրորդ թեկնածուն իշխանության սրտի դատավոր, ԲԴԽ անդամ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն է, որը բոլոր ժամանակներում կատարել է իշխանությունների եւ դատախազաքննչական մարմինների կամքը։ Առավել հայտնի դարձավ Ռոբերտ Քոչարյանին կալանք սահմանելով։

Սա Վճռաբեկ դատարան տեղափոխվելու Արմեն Դանիելյանի առաջին փորձը չէ՝ նախորդ անգամ ԱԺ-ն դեմ էր քվեարկել նրան։ Հիշեցնենք, որ 1 թափուր տեղի համար առաջադրվող մյուս 2 թեկնածուներին, որոնք, ի սկզբանե պարզ է՝ չեն ընտրվելու, դատական համակարգում «պռավադնիկ» են ասում, եւ շատերը հրաժարվում են այդ դերը ստանձնելուց»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2119
bottom of page