Հեղուկ գազի գինն իջել է, բայց վարորդները բողոքներ ունեն

MediaHub-ն այսօր արձանագրեց՝ հեղուկ գազի գինը կրկին նվազել է: Այսօր այն վաճառվում է 150-160 դրամով, անգամ լցակայաններ կան, որտեղ հեղուկ գազի գինը դարձել է 140 դրամ: Վարորդները հույս ունեն, որ այն կշարունակի նվազել և գուցե մի օր նորից դառնա 80-100 դրամ, ինչպես եղել է անցած տարվա մարտ–մայիս ամիսների ընթացքում։
Սրան զուգահեռ բենզինի գինը շարունակում է մնալ «կայուն ծանր»՝ 500 դրամից սկսած։
Սակայն, վարորդներին այս լուրը, մի կողմից, ուրախացրել է, սակայն մյուս կողմից նրանք բողոքներ ունեն, քանի որ շատ լցակայաններում քաղաքացիներին շարունակում են խաբել լիցքավորման գործընթացում:
«Առավոտ տեսա՝ մի տեղ 130 դրամ հեղուկ է գազը, իմն էլ արդեն վերջանում էր, մեկ մտածեցի՝ «մի 2 հազարի լցնեմ, մինչև հասնեմ նորմալ տեղ», հետո մտածեցի՝ «ոչինչ դե, լրիվ լցնեմ» ու, քանի որ ցուրտ էր, նստեցի մեքենաս։ Տեսնեմ՝ կտրուկ լիցքավորման ձենը կտրվավ, տեսա՝ 51 լիտր ա ցույց տալիս։ Հարցրեցի՝ «ինչո՞ւ է քիչ լցնում», ասում ա՝ «չգիտեմ, ուզում ես մի հատ էլ փորձեմ»։ Ասի՝ «չէ, դե լավ ա, բալոնս 90 լիտրանոց ա, 70-ի մոտ լցվում է»։ Ըստ երևույթի, աչքաչափով նայեց մեքենային, բալոնի չափը մոտավոր որոշեց, մտածեց էլ՝ 43 լիտրի մեջ 50 լցնի, կամ իմ դեպքում կարող ա 80 լցներ, ինքն էլ սարսափեր, բայց հանուն արդարության նշեմ, որ շատ սարսափելի չեն խաբել, մոտավոր 160 դրամ ա գալիս ըստ լցնելուց հետո կիլոմետրաժի»,- հերթական ահազանգն ունենք խաբված քաղաքացուց:
Նշենք, որ հեղուկ գազի գինը ամենից շատ տատանվողներից է. 2024-ի ընթացքում այն մեկ 250 դրամ էր լիտրի համար, մեկ 80 դրամ։
Մարիաննա Արամյան