Հիմա հարց Ալեն Սիմոնյանին․ ո՞վ կամ ովքե՞ր և ինչպե՞ս են կազմակերպել Արցախի «հեղաշրջումը»

«Ալեն Սիմոնյանը արցախցի լրագրողի «Ե՞րբ ենք վերադառնալու Արցախ» հարցին պատասխանում է, որ պետք չէր հեղաշրջում անել և պետք էր կռվել, իբր դա է Արցախի անկման պատճառը։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը՝ հեչ, հեղաշրջումը՝ մեջ»,-MediaHub-ին պատասխանում է քաղաքական գործիչ Արամայիս Աղաբեկյանը։
Նրա խոսքով՝ արցախցիների «չկռվելու» թեզը, փաստացի, արցախցիների նկատմամբ գեներացվող ատելության հիմնական գործիքներից է, որը Ալեն Սիմոնյանն ու նրա քաղաքական թիմը շատ են սիրում օգտագործել։
«Իսկ հեղաշրջման մասով ուզում եմ մի դեպք պատմել, թող հայ հանրությունը իմանա և ինքնուրույն եզրահանգումներ անի։ Սամվել Շահրամանյանի ընտրությունից երկու օր առաջ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպեցի «Երևան» հյուրանոցին կից գինու գործարանի գրասենյակում։ Ողջ խոսակցության ընթացքում նա փորձում էր ինձ համոզել, որ Սամվել Բաբայանի հետ քաղաքական պայմանավորվածության գնալն ու ուժային կառույցները նրան հանձնելը ոչինչ չէր փոխի։ Այդ ընթացքում նրան զանգ եկավ։ Հարությունյանը վերցրեց հեռախոսը։
– Այո, պարոն Փաշինյան, իրավիճակը լարված է, սահմանին կուտակումներ կան։
Հեռախոսազանգի մյուս ծայրից նորից հարց հնչեց, և Արայիկ Հարությունյանը պատասխանեց․– Այս պահին անհրաժեշտ ձայներ կան, որ Շահրամանյանն ընտրվի, բայց եթե ոչ, երկրորդ փուլով հաստատ կստացվի։
Հեռախոսազանգից հետո Արայիկ Հարությունյանը ինձ ասաց․– Չնայած նախագահ չեմ, մեկ ա, էլի ինձ հետ ա ճշտումներ անում»։
«Հիմա հարց՝ ո՞վ, կամ ովքե՞ր, և ինչպե՞ս են կազմակերպել այդ «հեղաշրջումը»։ Արցախի անկման գործում որքան լայն է եղել համաձայնության շրջանակը։ Ալեն Սիմոնյանը այդ հարցին կարո՞ղ է պատասխանել»,- եզրափակեց քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահը ճեպազրույցի ժամանակ արցախցի լրագրողի՝ վերադարձի հետ կապված հարցին պատասխանել է հեգնական տոնով, թե «պետք է կռվեիք», չհարգելով մինչև զինադադարը կռված ու իրենց կյանքը զոհաբերած հարյուրավոր տղաների ու քաղաքացիական անձանց զոհվելու փաստն ու բազմաթիվ այն կորուստները, որ Արցախի բանակի «կիսասոված» մարտիկները պատճառել են թշնամուն։
Հունան Թադևոսյան